Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%bd%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80/

ՀՀ ԱՆ «Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության» գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ–դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ սնվել ձմռանն ու բարձրացնել օրգանիզմի իմունիտետը։

«Գաղտնիք չէ, որ ճիշտ սննդակարգն օգնում է հարմարվել սեզոնին։ Սառը եղանակին ցանկալի է, որպեսզի սնունդը լինի տաք և յուղոտ», – նշեց Պետրոսյանը։

Նրա խոսքով, սնունդը, որը հիմա հայերն օգտագործում են ձմռանը, շատ է տարբերվում մեր նախնիների օգտագործած սնունդից։

«Ձմռանը հարկավոր է օգտագործել բուսական սնունդ, ձավարեղենից պատրաստված շիլաներ, բանջարեղեն, միրգ, հատապտուղ, օրինակ` դդում, նուռ, չիչխան։ Այս մթերքներն իրենց մեջ պահպանում են արևի ջերմությունը, և դրանց օգտագործումն օգնում է ձմռանը լրացնել արևի պակասը», – ասաց Պետրոսյանը։

Նա նաև նշեց, որ ձմռանը հարկավոր է օգտագործել շատ համեմունքներ։

«Կարելի է օգտագործել չոր կանաչեղեն, դրանով փոխարինել աղն ու պղպեղը։ Ցանկալի է օգտագործել կոճապղպեղ և քրքում, որոնք ունեն հիանալի տաքացնող հատկություն, դրանք նաև արդյունավետ հակաօքսիդանտներ են», – ընդգծեց Պետրոսյանն ու հավելեց, որ ձմեռային կերակուրը պետք է նաև պարգևի բարձր տրամադրություն։

«Ձմռանը վատ տրամադրությունը հաճախ ստիպում է մեզ ուտել շատ քաղցրավենիք, ինչը սխալ է։ Քաղցրը մեր օրգանիզմի վրա ազդում է թմրամիջոցի նման։ Երբ դրա ազդեցությունն անցնում է, վատ տրամադրությունը սրվում է», – նշեց Պետրոսյանը։

Նա նաև խորհուրդ տվեց ավելի շատ ժամանակ անցկացնել հաճելի և լավ մարդկանց հետ, իսկ ազատ երեկոներն ու տոները` ընտանիքի շրջապատում։

«Ձմռանը պետք է օգտագործել ավելի շատ կաթնամթերք, մասնավորապես, մածուն, որը բարելավում է աղիների միկրոֆլորան։ Այն նաև օգնում է բարձրացնել իմունիտետն ու պաշտպանում է շնչառական հիվանդություններից», – ավելացրեց Պետրոսյանը։

Նրա խոսքով, ձմռանն իմունիտետն օգնում է բարձրացնել նաև թթուն։
«Սակայն հարկավոր է հիշել,  որ թթուն կարող է վնասակար լինել ճնշման հետ խնդիր ունեցողների համար։ Ձմռանն օգտակար է օգտագործել դդմի աղացած սերմեր, քանի որ դրանք ցինկի հիանալի աղբյուր են, որն իր հերթին բարձրացնում է իմունիտետը», – ասաց Պետրոսյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց չիչխանի օգտակար հատկությունների մասին, որը հզոր հակաօքսիդանտ է։
«Օրական մեկ թեյի գդալ չիչխանի յուղը կօգնի ամրապնդել իմունիտետը», – ընդգծեց դիետոլոգը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով