Խոստովանեք, որ ամռան տապին երբեմն անուշադրության եք մատնում մաշկի խնամքի, արևայրուքի հետևանքների, լողավազանից հետո հիգիենայի պահպանումը։ Իսկ հագուստ կրելիս, առաջնորդվում եք միայն հարմարավետության, այլ ոչ թե կտորի բամբակե կամ սինթետիկ լինելու հանգամանքով։
Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք ամռան տապին անուշադրության մատնելիս կբախվեք առողջական լուրջ խնդիրների հետ։
Ինչպես խնամել մաշկը ամռանը
Արևից պաշտպնվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել խնամքի միջոցներ․ քսուքներ, լոսիոններ, որոնք պահպանում են մաշկը և թույլ չեն տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներին վնասել այն։ Պետք է հաշվի առնել, որ այդ միջոցներից յուրաքանչյուրը նախատեսված է մաշկի որոշակի տեսակների՝ ճարպոտ, չոր և նորմալ մաշկի համար։ Նրանք ունեն փափկեցնող, խոնավացնող ազդեցություն։ Յուրաքանչյուր մարդ գիտի, թե ինչ է անհրաժեշտ իր մաշկի համար։ Ցանկության դեպքում կարող եք խորհրդակցել բժիշկ-մաշկաբանի հետ։
Արհեստական արևայրուքը ցանկալի չէ
Հատկապես ամռանը արհեստական արևայրուքը՝ սոլյարին, չի խրախուսվում։ Բժիշկները բազմիցս են շեշտում, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են, հետևաբար մաշկի կոսմետիկ գույն ստանալու համար պետք չէ սեփական օրգանիզմը տանել գիտակցված ճառագայթման։
Արևայրուքն օգտակար չէ
Հանրության շրջանում տարածված է, որ օրգանիզմի համար արևայրուքն օգտակար է, բայց քչերն են գիտակցում, որ արևայրուքի արդյունքում ընկնում է մաշկի դիմադրողականությունը, դառնում անառողջ ու չոր։ Հատկապես բաց գույնի մաշկ ունեցող անձինք պետք է զգուշանան արևայրուքից։
Օրգանիզմին բավարար չափի վիտամին D է հարկավոր
Մեր օրգանիզմում վիտամին D-ն արտադրվում է արևի ճառագայթներից։ Այն հարկավոր է նորածիններին, հատկապես՝ ձմռան ամիսներին ծնված։ Արևի ճառագայթները դրական են անդրադառնում նաև նյութափոխանակության հետ խնդիրներ ունեցող անձանց մոտ։
Ինչպե՞ս խնամել մաշկը՝ լողավազանից հետո
Եթե դուք դասվում եք այն անհատների շարքին, որոնք ամենօրյա ռեժիմով այցելում են լողավազան, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել․եթե բարձրակարգ լողավազան է ու ժամանակին կատարվում է ջրամաքրման աշխատանքներ, ապա բավարար քանակությամբ քիմիական նյութեր են օգտագործվում և որևէ վտանգ ձեր առողջությանը չի սպառնում։ Բայց, եթե դուք ունեք չոր մաշկ, ապա խորհուրդ է տրվում լողավազանից հետո խոնավեցնող քսուքներ օգտագործել։
Ի դեպ, լողավազանից դուրս գալուց հետո պարտադիր պետք է օճառով լվանալ ոտքերը և ունենալ փոքրիկ անհատական սրբիչ՝ նախատեսված միայն ոտքերի համար։
Ի՞նչ հագնել ամռանը
Շոգ եղանակին հարկավոր է հրաժարվել սինթետիկ հագուստից։ Ցանկացած սինթետիկ հագուստ կարող է նպաստել սնկի զարգացմանը։ Խորհուրդ է տրվում կրել շնչող, բնական թելերով՝ բամբակից, մետաքսից կարված հագուստ։ Պետք է հրաժարվել նեղ, մաշկին կպնող հագուստից։ Պետք է կրել բաց գույնի հագուստ, քանի որ բաց գույնը արևի ճառագայթները կլանում է մոտ 20-30%, իսկ մուգ գույնը՝ 70-80%։





Թողնել մեկնաբանություն