Ինչպես կանխել անտառային հրդեհները․ 10 կարևոր քայլ

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-10/

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Տաք օդային հոսանքների ներթափանցումը, նման բարձր ջերմաստիճանով, իր հետ բերում է հրդեհների առաջացման որոշակի ռիսկեր։ Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար Eco.am-ն առաջարկում է մի քանի պարզ կանոններ։ Իսկ մինչ կանոնների կիրառումը առաջին հերթին յուրաքանչյուրս պետք է ցուցաբերենք բարձր գիտակցություն և պատասխանատվություն՝ մեր շրջակա միջավայրի հանդեպ։

Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։ Դրանք կարող են լինել․

1․ գյուղատնտեսական թափոնների այրման,

2․արոտավայրերի, խոզանի այրման,

3․ չթույլատրվող վայրերում խարույկներ վառելու,

4․ծխախոտի մնացորդները չնախատեսված վայրերում և առանց մարելու դեն նետելու պատճառով:

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է հիշել, որ չոր խոտը, փայտը, տերևները և ծառերը հրդեհավտանգ են:

Ինչպե՞ս պահպանել հակահրդեհային նորմերը

Անտառային տարածքներում արգելվում է.

1․Կրակ վառել ծառերի տակ։

2․Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել գետնին։

3․ Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել։

4․Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Հարկավոր է

1․  Խարույկ վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում։

2․ Վառել փոքր և վերահսկվող խարույկ։

3․ Զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։

4․ Խարույկներից հեռու պահել ցանկացած տեսակի վառելիք։

5․Հեռանալիս կրկնակի ստուգել և համոզվել, արդյո՞ք ամբողջությամբ մարել եք խարույկի կրակը։

6․Դեռևս վառվող կրակի մնացորդները մարելու համար օգտագործեք մեծ քանակությամբ ջուր կամ ծածկել կրակը ավազի հաստ շերտով:

7․Հավաստիանալ, որ ծխախոտի մնացուկը ամբողջությամբ մարված է: Այն դեն չնետել և վերցնել ձեզ հետ։

8․ Եթե կրակը չի ներկայացնում վտանգ Ձեր կյանքին և առողջությանն ու դեռ շատ չի տարածվել՝ փորձել հանգցնել այն կտորի կամ լաթի միջոցով (դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձեք հանգցնել կրակը քիչ քանակությամբ ջրով)։

9․ Եթե դուք ստիպված եք անցնել կրակի միջով, ապա ծածկեք ձեր դեմքը և բերանը խոնավ շորով: Եթե, այնուամենայնիվ, կրակը կպնի Ձեր հագուստին՝ մարեք այն պտտվելով կամ թափահարելով։

10․Երբ ապահով տեղում եք գտնվում, անպայման, ահազանգեք 911, անգամ, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը դա արդեն արել է։

Հիշեցնենք

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով