Ինչպես է Սուրբ Ծնունդը նշում Հայ Առաքելական եկեղեցին

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a7-%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%ae%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%a4%d5%a8-%d5%b6%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%84%d5%a5/

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը կատարվում էր միևնույն օրը, քանի որ Հիսուս սկսեց քարոզել մկրտությունից հետո, ինչին և հարազատ մնաց Հայ Առաքելական եկեղեցին։

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի սուրբ պատարագ և նշվում է Սուրբ Ծննդյան Ավետիսը։ Այն խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուսը։ Պատարագի ավարտին մարդիկ միմյանց ավետում են՝ «Քրիստոս ծնվեց և հայտնվեցավ։ Մեզ և Ձեզ մեծ ավետիս»։ Ի պատասխան հնչում է «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։

Ինչ խորհուրդ ունի եկեղեցուց տուն բերած ճրագը

Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ վառած մոմերը, որպես աստվածային լույսի խորհրդանիշ, տանում են տուն։ Այսինքն՝ Աստծո լույսն են տանում տուն և այդ նույն ճրագի լույսով վառում տան մոմը։

Ինչ խորհուրդ ունի ջրօրհնեքը

Հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը։ Հատուկ աղոթքներով և շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվում է Ավետարանով, Սուրբ խաչով և սրբագործվում սրբալույս մյուռոնով։ Պատարագիչը Սուրբ խաչը, ի նշանավորումն Տիրոջ մկրտության, ջուրն է իջեցնում, ինչով Տիրոջից խոնարհաբար հայցում ենք, որպեսզի ինչպես այն ժամանակ Հորդանանում, նույնպես և այժմ Սուրբ Հոգին իջնի՝ օրհնելով Սուրբ ջուրը, որ բաժանվում է ժողովրդին, որպես մեղքերից մաքրվելու և օրհնություն ու բուժիչ դեղ՝ հիվանդների համար։

Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը։ Այն Սուրբ Ծննդյան տոնակատարությունների բաղկացուցիչ մասն է: Օրհնվել է տան հացը, ջուրը, աղը։

Ինչ են մատուցում Սուրբ Ծննդյան երեկոյան ընթրիքին

Սուրբ Ծննդյան երեկոյան ընթրիքին, որպես ծիսական կերակուր, պարտադիր կերպով սեղաններին դրվել է քիշմիշով քաղցր փլավ, ձվով տապակած սպանախ, խաշած կամ տապակած ձուկ։ Խմել են միայն գինի։ Իսկ Ծրագալույցի հաջորդ առավոտյան, Սուրբ Ծննդյան օրը, մատուցվում էր հարիսա։

Մեռելոց

Հունվարի 7-ին Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ու անմահ Պատարագ, ի հիշատակ մեռելոց և կատարվում է հոգեհանգստյան արարողությունը։

Հիսուսի Ծնունդը

Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14):  Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով