Ինչպե՞ս մարել անտառային հրդեհները․ ուսումնավարժանք Խոսրովի արգելոցում

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%b8/

«Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով օրերս Խոսրովի արգելոցում տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը:

Ըստ սցենարի՝ Հիմնադրամի աշխատակիցները նկարահանող տեսախցիկի միջոցով նկատում են, որ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում  հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը փոխանցում է ԱԻՆ 911 և Արգելոցի աշխատակիցներին, և սկսվում է վարժանքը։

 «Այս վարժանքը կրում էր նախապատրաստական բնույթ։ Եվ առաջին անգամ ուղղաթիռ էր կիրառվում, և մենք հասկացանք, որ այն բավականին արդյունավետ էր։ Մենք էլ ավելի բարելավում ենք մեր տեխնիկական միջոցները, տեղի է ունենալու թարմացում»,- նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Սա շատ կարևոր միջոցառում է, որը պարբերաբար պետք է կրկնվի։ Մենք պետք է պարբերաբար կարողությունների զարգացում իրականացնենք, որպեսզի հնարավոր դեպքերի դեպքում կարողանանք դիմակայել անտառային հրդեհներին։ Կլիմայի փոփոխության արդյունքում մենք տարեցտարի նկատում ենք, որ նման դեպքերը անխուսափելի են։ 2017 թվականից հետո անհամեմատ տեսանելի է մասնագիտական գործիքակազմի ավելացումը, և եթե մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ կարողանանք համալրել մեր տեխնիկական բազաները, ապա ի զորու կլինենք դժվար պահերին դիմակայել նման իրավիճակների»,- ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Խոսրովի անտառ պետական արգելոցը, ինչպես նաև Վեդի խոշորացված համայնքի և Ուրցաձոր համայնքի կամավորները։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ի Անտառային ծառայության փորձագետները, ովքեր այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում։ Մասնակիցները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները և վարժանքի կարևորությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել