Eco.am սոցիալական հարթակն արդեն ներկայացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնության շնորհիվ հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի պատասխաններ պարբերաբար ներկայացվում են ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կողմից։
Գրեթե բոլոր ծառատեսակները, որոնք զարդարում են մայրաքաղաքը, ներմուծված են տարբեր ժամանակահատվածներում։ Հանրությանը հետաքրքրող հարցերից մեկն էլ այն է, թե ինչու կանաչապատման մեջ չի օգտագործվում ծագումով հայկական ծառատեսակներ։
«Կանչապատման մեջ ընդունված կարգ է՝ ներմուծել դեկորատիվ, կայուն, կլիմային համապատասխան ծառաթփատեսակներ։ Դա կատարվում է բոլոր երկրներում։ Ժամանակի ընթացքում, շնորհիվ գիտության նոր առաջընթացի, ստեղծվել են բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք չեն եղել նախկինում և այժմ լայնորեն օգտագործվում են բոլոր քաղաքներում՝ կանաչապատման մեջ»,- ասում է ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․Բեգոյանը։
Ըստ Բեգոյանի յուրաքանչյուր կանաչապատողի խնդիրն է՝ հարստացնել քաղաքի ֆլորան, ներմուծել համապատասխան տեսականի, քաղաքի որոշ հատվածներ կանաչապատել դեկորատիվ տեսակներով, որոնք կգրավեն և՛ քաղաքացիներին, և՛ զբոսաշրջիկներին։
«Սովորաբար քաղաքում այդ տեսակները լինում են սահմանափակ, չեն օգտագործվում համատարած կանաչապատման մեջ, այլ ստեղծում են գողտրիկ անկյուններ։ Այդպիսի տեսակներից է սակուրան, որն օգտագործվել է բազմաթիվ մայրաքաղաքներում ( Փարզ, Ստոկհոլմ, Բարսելոնա և այլն) և զբոսաշրջիկների համար ներկայացնում է հատուկ հետաքրքրություն՝ համարվելով ամենագեղեցիկ ծառերից»,- նշում է Բեգոյանն ու հավելում, որ այս ամռանն արձանագրված բարձր ջերմաստիճաններին այն ցուցաբերել է բարձր կայունություն։
Հարցադրումներում խոսք է եղել ուռենու, բարդու, թթենու, կաղնու մասին՝ դրանց հայրենիքը համարելով Հայաստանը։ Սակայն, Ա․ Բեգոյանը հավելեց, որ թեպետ այդ տեսակները մեր կանաչապատման մեջ «հարազատ» են, աչքին սովոր, լայնորեն տարածված են մեր ֆլորայում, բայց դրանք համարել հայկական, ճիշտ չէ։
Ցավոք, տեղական տեսակները միշտ չէ, որ ունեն գեղազարդ տեսք կամ կլիմայական պայմանների պատճառով կարող են աճել Երևանում (օրինակ՝ հաճարենին)։
1․ Ուռենու ցեղի հայրենիքը Հյուսիսային Չինաստանն է, Ճապոնիան, Իրանը։
2. Բարդու ցեղի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է և Չինաստանը:
3. Տեղաբնակ և անգամ էնդեմ է միայն կաղնու մեկ տեսակ՝ կաղնի արաքսյանը, որը չի օգտագործվում կանաչապատման մեջ:
4․ Թթենու հայրենիքը Չինաստանն է, Աֆղանստանը, Իրանը։
Թողնել մեկնաբանություն