Վերջին ամիսներին մասնագետներն ահազանգում են, որ հանրապետությունում օդի ավազանի աղտոտվածությունն անցել է բոլոր թույլատրելի սահմաները։ Իսկ հիմնականում մեծ մաս է կազմում փոշին, որի հետևանքով էլ բնակչության մոտ առաջանում են շնչառական տարատեսակ հիվանդություններ։
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, մթնոլորտային օդում փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա կախված է փոշու մասնիկների չափերից և բաղադրությունից, ինչպես նաև ազդեցության տևողությունից։
Փոշին կարող է նպաստել առողջության հետ կապված մի շարք խնդիրների, բազմաթիվ հիվանդությունների առաջացմանը, ներառյալ՝ հազ, մաշկային քոր, թոքերի հիվանդություններ, ասթմատիկ և սրտի նոպաներ:
Ի՞նչ է փոշին
Փոշին (կախված մասնիկները) կոշտ, մանր մասնիկների և հեղուկ կաթիլների խառնուրդ է:
Տարբերում են հիմնականում 2 տարբեր տրամաչափերով փոշու տեսակներ` PM2.5-ը և PM10-ը:
1․ PM2.5-ը համարվում է ամենավտանգավորը մարդու առողջության համար, ինչը պայմանավորված է դրա ուղղակիորեն արյան մեջ ներթափանցելու ունակությամբ:
2․ PM10-ը կարող է պարունակել բենզոպիրեն, ֆուրան, դիօքսիններ, ծանր մետաղներ և համարվում է քաղցկեղածին աղտոտիչ:
Որո՞նք են փոշու առաջացման աղբյուրները․
1․ արդյունաբերական գործընթացները,
2․ էլեկտրակայանները,
3․ տրանսպորտային միջոցները,
4․ չասֆալտապատված ճանապարհները,
5․ շինարարությունը,
6․ գյուղատնտեսությունը,
7․ ծխի առաջացման աղբյուրները,
8․ կանաչապատ տարածքների պակասը:

Փոշով աղտոտվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է․
1․ Շատացնել կանաչապատ տարածքները։
Յուրաքանչյուրս կարող ենք օրինակ՝ մեր բակում, ծառատունկ կազմակերպել։
2․ Խուսափել բաց այրումներից։
Չայրենք աղբը, եթե անգամ դրանք տերևներ են կամ փայտանյութ։
3․ Նվազագույնի հասցնել մեքենաների կիրառումը կամ տեղափոխման համար օգտագործել հեծանիվներ։
Կարող ենք անցնել էլեկտրոմոբիլների կիրառման, կամ հեծանիվների շահագործման։
4․ Անցնել արևային էներգիայի օգտագործմանը կամ խնայել էլեկտրաէներգիան։
Ցերեկը վառ չթողնենք լույսերը, հեռախոսը լարից անջատելիս` միացրած չթողնենք լիցքավորիչները:






Թողնել մեկնաբանություն