Թաքնված վայրեր Երևանում

https://eco.am/%d5%a9%d5%a1%d6%84%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d6%80-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

Ամառային օրերը հնարավորինս զով դարձնելու համար պարտադիր չէ Երևանից դուրս վայրեր փնտրել։ Քաղաքից դուրս՝ քաղաքի ներսում սկզբունքով Երևանում ունենք գողտրիկ հանգստի գոտիներ, որոնք իդեալական հնարավորություն են վայելելու բնությունն ու մաքուր օդը։

Eco.am-ը, ձեր ամառային հանգիստը արդյունավետ կազմակերպելու համար պարբերաբար կներկայացնի Հայաստանի գողտրիկ ու տեսարժան վայրերը, որտեղ այցելելով միանգամից կլուծեք երկու կարևորագույն հարց, նախ՝ հանգիստը կվայելեք և միաժամանակ կբացահայտեք գեղատեսիլ Հայաստանը։ Այսօր կներկայացնենք երևանյան երկու գողտրիկ հանգստի գոտի։

Երևանի Աղի լիճ

1980-ական թվականներին Էրեբունու շրջանի նախկին Թոխմախան գյոլից (այժմ`Վարդավառի այգու կամ Արգիշտիի լիճ) ոչ հեռու տրիկոտաժի ֆաբրիկային հարակից տարածքից գաջի հումք և քարի մշակման ցեխի համար բազալտե քարեր հանելուց հետո` նրանց տեղում ստորգետնյա աղբյուրներից բխած բնական աղաջրով լցվելով գոյացել էր առաջին (հին) Աղի լիճը: 1990- ականների սկզբներին կլոր շրջագծով այդ լիճը լցվեց հողով և տեղում կառուցվեց տրիկոտաժի ֆաբրիկայի կցակառույցը: 2003-ին նախկին լճի բազմաթիվ այցելուների հորդորով նշված ֆաբրիկայի սեփականատերը հին լճից մի փոքր հյուսիս-արևելք հորատել-բացել տվեց 4-5 մետր խորության ձագարաձև փոս, որը նախկինի նման լցվեց արտեզյան ջրով`վերածվեց այսօրվա Մեծ աղի լճին. առավելագույն չափերը` (50×61) մ: Լճի շուրջը շարվեցին նախկին քարի ցեխում մնացած կիսամշակ բազալտի կտորներ: Լճի միակ ելքը հարավ-արևմտյան անկյունից է, որտեղից ջուրն անընդհատ դուրս է հոսում 15 սմ տրամագծով խողովակով` ապահովելով ջրի մաքրությունը:

Լճի ջրի աղայնությունը մոտ 13% է` ինչի շնորհիվ այնտեղ լողալը շատ դյուրին է: Առանց ջանք գործադրելու ջրի վրա կարելի է պառկել, կամ ջրի միջով ուղղակի քայլել: Ջրում կա սուլֆիդային և կալցիումային աղեր,փոքր քանակության ծծմբաջրածին, որը մասնագետների վկայությամբ հակաբորբոքային ազդեցություն ունի և կերակրի աղի հետ ջրին օժտում է կրկնակի բուժիչ հատկությամբ:

Մեծ լճի արևելյան և հյուսիսային ափերը շրջափակող փարթամ եղեգները լճին տալիս են գեղատեսիլ տեսք, իսկ ջրի մեջ թափված նրանց տերևներն` իջնելով լճի հատակը, քայքայվելով խառնվում են բուժիչ բաղադրիչներով հագեցած ջրին, վերածվում սև, թանձր տիղմի ու նստում լճի հատակին, որը ցեխաբուժությամբ հետաքրքրվողներն օգտագործում են բուժման նպատակով:

Ջրվեժ պարկ

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977 թվականին և ունեցել է 400,43 hա տարածք: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արևելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ և պարտեզային ձևեր` եղևնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արևմտյան, 300 տեսակի անոթավոր բույսեր, և այլն:

Անտառապարկից դուրս մնացած տարածքը, որը կազմում է ամբողջ պարկի անտառածածկ տարածքի մոտ 1/10-րդ մասը, (ընդհանուր անտառածածկ տարածքը 260 հա է), գտնվում է Գառնի-Երևան խճուղու վրա: Այստեղ են աճում Հայաստանի ամենագեղեցիկ սոճիները, և որ ամենակարևորն է, այստեղով են անցնում Անտառապարկը ոռոգող հիմնական ջրագծերը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով