Ծանր աշխատանքային օրվա ավարտից հետո, հոգնածությունը թուլացնելու հարցում, օգնության կգան թարմացնող լոգանքները։ Հատկապես ամռանը, թարմացնող լոգանքները ոչ թե անհրաժեշտ, այլ՝ պարտադիր են ձեր մարմնի համար, որոնք հոգնածությունը թուլացնելուն զուգահեռ նաև սնուցում են մաշկը։ Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մի քանի օգտակար լոգանքներ։
Երիցուկի և լորենու լոգանք
Եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է․ 100 գրամ չորացրած երիցուկի և 150 գրամ լորենու ծաղիկների վրա լցնել ջուր, եփել մոտ 20 րոպե։ Եփուկը քամեք և լցրեք լոգարանի մեջ, ապա՝ ամբողջ մարմնով ընկղմվեք ու հնարավորինս փորձեք մտովի կտրվել իրականությունից։
Լոգանք մածունով
Լոգարանի մեջ լցրեք ջրով բացած 3 լիտր մածուն, ապա՝ ընդունեք լոգանքը։ Մածունը փափկացնում է մաշկը և անցկացնում հոգնածությունը։
Լոգանք մածունով և բուսական յուղով
Լոգարանի մեջ լցնել 3 լիտր մածուն, մինչ լոգանք ընդունելը՝ մարմնին քսեք բուսական յուղ, գերադասելի է ձիթապտղի։ Մածունը, բուսական յուղը և տաք ջուրը հիանալի միջոց են չոր մաշկը բուժելու համար։
Քացախով լոգանք
Այն օգտակար է ճարպոտ մաշկի համար, հատկապես՝ քրտնարտադրության, քորի դեմ։ Առավել օգտակար է խնձորի քացախը։ 1․5 լիտրը՝ մեկ լոգանքի համար։
100 գրամ նարդոսը թրջել 100 գրամ գինու սպիրտի և 900 գրամ քացախի մեջ։ Եփուկը սառեցնել և լցնել լոգարանի մեջ։
Աղի լոգանք
Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում ընդունել աղի լոգանք։ Աղը առաջացնում է ուժեղ քրտնարտադրություն և նպաստում քաշի նվազմանը։ Նախ, անհրաժեշտ է 3 կիլոգրամ աղը լցնել լոգարանի մեջ, հետո՝ լցնել ջուրը, որպեսզի աղը լուծվի։ Այս լոգանքից հետո փաթաթվեք սրբիչով և մի քանի րոպե հանգստացեք։ Աղի լոգանքը չորացնում է մաշկը, այդ իսկ պատճառով, լոգանքից հետո մարմնին պետք է քսել բուսական յուղ կամ մարմնի սնուցող կրեմ։
Խորաբույսերով լոգանք
Խորաբույսերից եփուկը պետք է պատրաստել նախապես, կամ հենց լոգարանի մեջ։
Անհրաժեշտ են հետևյալ խոտաբույսերը՝ 3 բուռ խնկունի, 1-ական բուռ վարդի թերթիկներ, նարդոսի ծաղիկները և բորակ։ Խնկունին, վարդը և նարդոսը լցնել մառլյայի տոպրակի մեջ, ապա նոր գցել լոգարանի մեջ։ Իսկ բորակը՝ անմիջապես լցրեք լոգարանի մեջ։ Այս լոգանքը մաքրում և թարմացնում է մաշկը։
Գայլուկով լոգանք
250 գրամ գայլուկի վրա հարկավոր է նախապես լցնել տաք ջուր, որոշ ժամանակ թողնել, ապա նոր միայն լցնել լոգարանի մեջ։ Այս լոգանքը հանգստացնում է նյարդերը։
Անանաուխի լոգանք
250 գրամ անանուխի չոր տերևներից պատրաստել եփուկ և լցնել լոգարանի մեջ։ Այս լոգանքը անցկացնում է հոգնածությունը, թարմացնում և կարգավորում է արյան շրջանառությունը, հատկապես՝ օգտակար է ամառային շոգ օրերին։
Ուշադրություն
Երբեք չի կարելի լոգանք ընդունել ուտելուց անմիջապես հետո, քանի որ 1․խանգարվում է մարսողությունը
2․ լրացուցիչ ծանրաբեռնվում է սիրտանոթային համակարգը։
Լոգանքից առաջ անհրաժեշտ է դատարկել միզապարկը և աղիները։






Թողնել մեկնաբանություն