Թեպետ տոնական օրերին ընդեղենն անպակաս է հայկական սեղաններից, սակայն առողջությանը օգտակար հատկանիշներ ունենալու համար խորհուրդ է տրվում այն օգտագործել կլոր տարին։
Նախ, ընդեղենը հարուստ է՝
1․ բջջանյութով,
2․սպիտակուցներով,
3․օգտակար ճարպերով, այդ թվում՝ օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով։
Բացի այդ՝ ընդեղենը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում։
Eco.am սոցիալական հարթակն առանձնացրել է ընդեղենի մի քանի տեսակ, որոնք օգտակար են ձեր առողջության համար։

ԸՆԿՈՒՅԶ
Ընկույզը պարունակում է մեծ քանակով օմեգա-3, բջջանյութ, մագնիում և այլ սննդարար նյութեր։ Այս մթերքի պարբերական օգտագործումը նվազեցնում է․
1․ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը,
2․ արյան մեջ նվազեցնում և կարգավորում է խոլեստերինի մակարդակը,
3․ նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը,
4․ դրական է ազդում ոսկորների ամրության և առողջության վրա,
5․ օգտակար է ճարպակալության դեմ պայքարի համար,
6․ բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա, լավացնում է հիշողությունը,
7․ապահովում է նյարդային համակարգի ամրությունը:

ՊՆԴՈՒԿ
Ըստ գիտնականների, պնդուկը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, վիտամիններ՝ հատկապես B և հանքանյութեր: Պնդուկը շատ օգտակար է հղի կանանց, քանի որ այն մեծ քանակությամբ պարունակում է ֆոլաթթու, որը պատասխանատու է ԴՆԹ-ի սինթեզի և նյարդային խողովակի ձևավորմանը:
Օգտակար է երիկամների քարի վերացման համար։ Այն բարելավում է սրտանոթային համակարգը, բարձրացնում իմունիտետը: Ինչպես նաեւ դրական է ազդում ստամոքս-աղիքային համակարգի վրա։ Խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության դեպքում: Խորհուրդ է տրվում օրական ուտել 100 գրամ պնդուկ:

ԳԵՏՆԸՆԿՈՒՅԶ
Ընդեղենի այս տեսակը հարուստ է B խմբի վիտամիններով, սպիտակուցով, մագնիումով, ինչի արդյունքում օգնում է կանխարգելել սրտային հիվանդությունները և մրսածությունը։ Այն կարող է օգնել կարգավորել արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակը, ինչը հատկապես օգտակար է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց։

ԾԻՐԱՆԻ ԿՈՐԻԶԻ ՄԻՋՈւԿ
Ըստ Տիբեթի իմաստունների, ծիրանի սերմը համարվում է թոքերն ամրացնող միջոց։ Թոքերի անբավարարության դեպքում քաղցկեղածին բջիջները տարածվում են դեպի լորձաթաղանթները։ Բուժարարները նկատել են, որ ծիրանի քացախը նույնպես լավացնում է շնչառությունը։
Ծիրանի սերմը պարունակում է B15 ու B17 վիտամիններ։
B15-ի առկայությամբ են բացատրվում պտղի և սերմի բազմաթիվ օգտակար հատկությունները.
Նպաստում է
1․կալցիումի ու երկաթի յուրացմանը,
2․շնչառության լավացմանը,
3․լյարդի բջիջների վերականգնմանը թունավորումներից հետո,
4․դանդաղեցնում է օրգանիզմի բջիջների ծերացումը,
5․խթանում է հիպոֆիզի և մակերիկամների աշխատանքը, ունի հակասկլերոտիկ ազդեցություն,
6․բարձրացնում է գլիկոգենի պարունակությունը լյարդում, և այլն։
B15 և B17 վիտամինները խթանում են օրգանիզմի իմունային ակտիվությունը, նպաստում են մտավոր և ֆիզիկական ուժերի արագ վերականգնմանը։
B17-ի սակավության դեպքում նկատվում են քրոնիկ հոգնածության սինդրոմի հատկանիշներ։

ՊԻՍՏԱԿ
Ըստ հետազոտությունների, պիստակը նպաստում է խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակի կարգավորմանն այն անձանց շրջանում, ովքեր հիվանդ են դիաբետով։ Ընդեղենի այս տեսակը պարունակում է հակաօքսիդանտ, որն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Պիստակը հարուստ է նաև կալիումով, որը հայտնի է իր հակաբորբոքային ազդեցությամբ։

ՆՈՒՇ
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, նուշը նպաստում է զարկերակային ճնշման և քաշի նվազմանը։ Խոսքը հատկապես որովայնի հատվածում կուտակված ճարպի մասին է, որն առաջանում է սթրեսի հետևանքով։ Ընդեղենի այս տեսակը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, կարգավորում գլյուկոզայի և խոլեստերինի մակարդակը։ Նուշը վիտամին E-ի, կալցիումի, մագնիումի և ֆոլաթթվի աղբյուր է։




Թողնել մեկնաբանություն