Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»:
Օրվա ընդունման մասին որոշումը կայացվեց 2008 թվականի ապրիլին Ղազախստանում ընթացող SPARE կոորդինատորների միջազգային հանձնաժողովի ընթացքում: Իսկ ամիսներ անց՝ նոյեմբերին աշխարհը առաջին անգամ նշեց Էներգախնայողության միջազգային օրը: Օրը ստացավ միջազգային օրվա կարգավիճակ, քանի որ նախագծում ցանկություն հայտնեցին մասնակցել ավելի քան 20 երկրներ:
Էներգախնայողության միջազգային օրվա հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը:
Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:
Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչը էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը:
Էներգիան ամենից հաճախ ստացվում է հանածո վառելիքի այրման արդյունքում, որը վնասում է շրջակա միջավայրը, չվերականգնվող բնական ռեսուրսները սպառվում են, իսկ այրվելիս թունավոր նյութեր են արտանետվում օդ: Ուստի շատ կարևոր է էներգիան արդյունավետ օգտագործել և ձգտել այն խնայելուն։






Թողնել մեկնաբանություն