Դանին ու Սառան են, «Onze kids» ընտանիքի «փափուկ» անդամները։ Նրանք խանութ-սրահում սպասում են իրենց ապագա փոքրիկ «տերերին», որպեսզի ընկերակցեն, ուրախացնեն ոչ միայն տոն օրերին ու միասին դիմավորեն Ձմեռ պապին, այլ լինեն նրանց մշտական ընկերը։ Բայց, Դանին ու Սառան նոր ընկերոջ մոտ դատարկաձեռն չեն գնում, իրենց հետ տանում են նաև անվանական նամակ-պատմություններ։
Ի դեպ, մոռացանք ամենակարևորը՝ Դանիին ու Սառային կյանք է տվել «Onze» բրենդային հագուստի ապրանքանիշի հիմնադիր-դիզայներ Տաթևիկ Ավետիսյանը։ Յուրաքանչյուր էկո տիկնիկ, կտորի ընտրությունից մինչև ապրանքային տեսքի բերվում է Տաթևիկի անմիջական մասնակցությամբ ու նրբանկատ մոտեցմամբ։
Eco.am մեդիա հարթակը, Տաթևիկի հետ զրույցում պարզեց, որ «Onze kids» ընտանիքի էկո տիկնիկները շուտով կբոլորեն իրենց առաջին տարեդարձը։
– Էկո տիկնիկներ ստեղծելու մտահղացումն ի հայտ եկավ 2021 թվականի հունվարին։ Համացանցում պատահաբար հանդիպեցի գործվածքից էկո տիկնիկների և միտքն ինձ հետաքրքրեց։ Մի քանի օր ինձ հետապնդում էր ինքանատիպ տիկնիկներ ստեղծելու գաղափարը։ Չէի ուզում պարզապես ստեղծել էկո տիկնիկներ, այլ այնպիսի ինքնատիպ, որը կդառնար փոքրիկներին ընկեր և կծառայեր նաև որպես մանեկեն՝ մանկական հավաքածուի համար։
– Մեկ տիկնիկ պատրաստելու համար որքա՞ն ժամանակ է պահանջվում։
– Քանի որ տիկնիկները գրեթե ամբողջովին ձեռքի աշխատանք են և որոշ հատվածներ նաև ասեղնագործվում են, սկսած ձևելուց մինչև վերջնական տեսքի բերելը, միջինում պահանջվում է 6 ժամ։
– Իսկ հիմնականում ի՞նչ նյութից, կտորից է պատրաստվում։
– Թե՛ տիկնիկները, թե՛ նրանց հագուստները պատրաստվում են 100% բամբակյա գործվածքներից։ Ամեն ինչ մանրակրկիտ հաշվի է առնված, որ մեր փոքրիկ սպառողը ոչ միայն ունենա սիրելի ընկեր, այլ էկոլոգիապես մաքուր ու անվտանգ տիկնիկ։
Ի դեպ, մեր գնորդին էկո տիկնիկներն առաքվում, կամ հենց անմիջապես խանութ-սրահում տրվում է էկո փաթեթավորմամբ՝ վերամշակված թղթե տոպրակներով ու արկղիկներով։
– Որքան գիտեմ յուրաքանչյուր տիկնիկ իր հետ ունենում է իր պատմությունը, անձնագիրը։
– Այո, ըստ պատմության, եղնիկները քույր ու եղբայր են՝ Դանին ու Սառան։ Յուրաքանչյուր տիկնիկ իր հետ, փոքրիկ ընկեր-սպառողին, տանում է իր կողմից ուղղված անվանական նամակ։ Հաճախ են գնորդ մայրիկները մեր էջին կամ կրկին մեր սրահ գալիս պատմում, թե ինչպես են իրենց փոքրիկի համար հարազատ դարձել մեր «Onze kids» ընտանիքի անդամ Դանին կամ Սառան։ Ինչ խոսք, այն ոչ միայն հաճելի է, այլ նաև պարտավորեցնող։
– Տաթևիկ, էկո տիկնիկների մտահղացման փուլում, ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց եղնիկների, այլ ոչ թե արջուկ կամ մեկ այլ կենդանի տիկնիկ ստեղծելու վրա։
– Երբևէ չենք մտածել այս հարցի շուրջ։ Հավանաբար, պատճառն այն էր, որ միտքը հղացել էր Ամանորից անմիջապես հետո ու տպավորությունները դեռ թարմ էին։
– Նրանց անվանումներն է՞լ են պատահական։
– Ոչ, պարզապես սիրելի անուններ են։
– Հիմնականում ո՞ր տարիքի փոքրիկների համար է նախատեսված։
– Հաճախ մեր մեծահասակ հաճախորդները նույնպես սիրով ձեռք են բերում տիկնիկները՝ հենց իրենց համար։ Նրանք նույնպես և՛ ընկերանում են մեր եղնիկների հետ, և՛ օգտագործում այն որպես տան ինտերիերի լրացում։ Այնպես որ, մեր Դանին ու Սառան նախատեսված են 1-100 տարեկան երեխաների համար։
– Իսկ ինչպե՞ս կարող են ձեռք բերել և ինչ արժեքով։
– Մեկ տիկնիկի արժեքը տատանվում է 11․000-ից մինչև 15․000 դրամ։ Իսկ էկո տիկնիկ- եղնիկները ցուցադրված են Տերյան 91 հասցեում գտնվող մեր խանութ-սրահում։ Ինչպես նաև կարող են պատվիրել Eco.am մեդիա հարթակի առցանց խանութում, 4U.am- ում և շատ շուտով արդեն նաև Avenue des fleurs ծաղկի խանութում։









Թողնել մեկնաբանություն