Համաձայն հնագիտական տվյալների, ավոկադոն աճեցնում են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից։ Ացտեկները այն անվանել են աուակատլ («անտառային յուղ»)։ 1553 թվականին ավոկադոն առաջին անգամ հիշատակվել է Պեդրո Սիեզա դե Լեոնի «Խրոնիկա Պերուի» գրքում։
Բերնարդինիո դե Սաագուն (1576) իր «Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմություն» հիմնարար աշխատությունում նշել է ավոկադոյի բժշկական նշանակության մասին, և եկել է այն եզրակացության, որ ավոկադոն ունի մեծ նշանակություն, նրանից պատրաստված խառնուրդները օգտագործում են որպես շամպուն թեփի դեմ, իսկ նրա պտուղները խորհուրդ չի տրվում տալ կերակրող մայրերին։ Ըստ հնագույն ացտեկական ավանդազրույցի՝ ավոկադոյի կորիզը հնդիկներին նվիրել է Աստված՝ նրանց խոստանալով մշտապես փրկել քաղցից։ Կորիզից աճում է մեծ բարձրության հասնող մշտադալար ծառ, որի բերքառատ ճյուղերը ծանրությունից թեքվում են ցած։ Ացտեկները, համտեսելով այդ աստվածային ընծան, փրկվում են սովից։
Ավոկադոն իր կալորիականությամբ գերազանցում է ձվին և մսին։ Ավոկադոյի պտուղը համտեսելիս բարձրանում է տրամադրությունը, հիվանդությունից հյուծված օրգանիզմին օգնում է վերականգնել կենսական ուժերը։ Պետք է հիշել, որ կտրատած ավոկադոյի պտղամսի վրա պետք է կիտրոնաթթու լցնել, քանի որ պտուղը կտրատելուց հետո մգանում է և ոչ ախորժաբեր տեսք է ստանում։ Որպես սնունդ օգտագործվում է միայն պտղամիսը։ Հիպերտոնիայի բուժման համար՝ ավոկադոյի պտղամսին ավելացնել բանջարեղենային հյութեր՝ լոլիկի, գազարի կամ բազուկի 1:2 հարաբերությամբ. օգնում է զարկերակային ճնշման նվազեցմանը։ Ավոկադոն հակացուցված է գերզգայուն անձանց. այն կարող է ալերգիկ հակազդում առաջացնել, բայցի այդ՝ ավոկադոն ունի գիրացնող հատկություն։

Ավոկադոյի սննդարար արժեքը
100 գրամ ավոկադոն 118 կկալ կալորիականություն ունի։ Այն պարունակում է՝ վիտամին K` 14,6 մգ, կալիում` 437,27 մգ, ֆոլաթթվային աղեր` 45,19 մգ, վիտամին B6` 0,2 մգ, վիտամին C` 5,77 մգ, պղինձ` 0,19 մգ, դիետիկ մազաթելիկներ՝ 3,65 մգ։
Ավոկադոյի բժշկական նշանակությունը
Ավոկադոյի պտուղների մեջ պարունակվող ֆոլաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ։ Ավոկադոն կիրառվում է որպես նախապահպանություն՝ սակավարյունության, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների, ստամոքսաբորբի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի դեպքում։ Լավացնում է տեսողությունը, հիշողությունը և կրճատում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։ Վերացնում է սթրեսները։ Ավոկադոյի կճեպը երբեմն օգտագործում են արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) ժամանակ։ Կճեպներն ունեն որդաթափ հատկություն։ Վիտամին E-ն օրգանիզմը հարստացնում է թթվածնով՝ պաշտպանելով օրգանիզմի և մաշկի բջիջները, F-ը՝ ապահովում է մազերի և մաշկի առողջ վիճակը։ Պղինձը կանխում է անեմիան՝ սակավարյունությունը, երկաթը արյունաստեղծ կարևոր էլեմենտ է, վիտամին B2-ը մասնակցում է արյան կարմիր գնդիկների առաջացմանը։ Որպես կալիումի աղբյուր՝ կարգավորում է արյան ճնշումը։ Ավելի շատ կալիում է պարունակում, քան բանանը։ Ավոկադոն մարմնի և օրգանիզմի երիտասարդության և առողջության աննկարագրելի աղբյուր է։ Մենք, իհարկե, հնարավորություն չունենք այդ պտղի տերևներն օգտագործելու, բայց ավոկադոյի հայրենիքում այն օգտագործում են տարբեր հիվանդությունների բուժման համար։ Ավոկադոյի տերևները ծամում են լնդերի (պիոռեա) հիվանդության դեպքում։ Շոգեխաշած տերևներն օգտագործում են վերքերի ապաքինման ժամանակ, իսկ տաք վիճակում տերևները տեղադրում են ճակատին, այդ միջոցը թեթևացնում է նյարդացավը (նևրալգիա)։ Տերևների եփուկը օգտագործում են բկաբորբի և արյունահոսության դեպքում։






Թողնել մեկնաբանություն