Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն-II փուլ» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերի 2-րդ խորհրդակցական աշխատաժողովը։
«Հարավային Կովկասում էկոմիջանցքների ծրագիրը շատ կարևոր է բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման, ԲՀՊՏ միասնական ցանցի ձևավորման, այս ոլորտում ռազմավարական ուղղությունների և առաջնահերթությունների մշակման, ինչպես նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակների կենսամիջավայրերի, կենդանիների միգրացիոն ուղիների պահպանության համար»,- իր ելույթում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Բնապահպանական տարածքներում մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի և վնասների փոխհատուցման «Համերաշխության սխեմայի» մասին իր ելույթում անդրադարձ կատարեց ԷՄՀ ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու, պրն․ Յերնի Սթրիթին։ Իսկ Վայոց ձորում վայրի կենդանիների հասցրած վնասների մասին ներկայացրեց Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը։

ECF ծրագրի ազգային համակարգող Արմեն Շահբազյանի զեկույցը «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի II փուլի շրջանակներում կատարված և նախատեսվող գործողությունների մասին էր: Էկոմիջանցքների առաջին փուլի շրջանակներում հիմնված Արտավան և Արենի բնակավայրերում համայնքային բնապահպանական տարածքների գործունեության մասին զեկուցեցին համապատասխան կառույցների ներկայացուցիչները։ Ռազմավարական զարգացման գործակալությունից Ալլա Ղազարյանը և WWF-Հայաստանից Նաիրե Երիցյանը ներկայացրեցին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի առաջընթացը՝ տնտեսական և բնապահպանական բաղադրիչների ներքո։
«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2015թ.: Հայաստանում այն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջանքերով և ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով: Ծրագրի երկրորդ փուլը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության /SDC/ միջոցով ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի կողմից։
Միջոցառման ավարտին տեղի ունեցան WWF-Հայաստանի, Եղեգիս, Սիսիան, Վայք և Արարատ համայնքների և համապատասխան համայնքահեն կառույցների միջև եռակողմ բնապահպանական համաձայնագրի կնքման հանդիսավոր արարողություն։
Eco.am
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն