Էլեկրական շարժիչով ավտոմեքենաների ավելացված արժեքի հարկի արտոնությունը կերկարացվի ևս երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ու առաջիկայում կներկայացվի ԱԺ՝ օրենսդիրի քննարկմանը։
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կտեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար։
Ըստ գործող օրենքի՝ ավելացված արժեքի հարկից ազատվում են մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ ու մոպեդներ ներմուծողներն ու տեղում վաճառողները։
Հարկ է նշել, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը նպաստավոր կլինի մի քանի հանգամանքներում․
1․ Այն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։
2․Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների/միջազգային և մասնավոր հատվածի կողմից/ և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով։
Ի դեպ
Նախագծի ընդունումը կնպաստի 2021թ. ապրիլի 22-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացմանը, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարի մեջ, իսկ համաձայն միջազգային կառույցների կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների՝ էլեկտրական շարժիչով մեքենայի շահագործումը ի տարբերություն բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների տարեկան միջինում 4.6 տոննա C02-ի արտանետումների կրճատում է ապահովում։
Հավելենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019-2021 թվականների ընթացքում Հայաստան է ներմուծվել ավելի քան 5200 էլեկտրամոբիլ։






Թողնել մեկնաբանություն