Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման հնարավորությունները ՇՄ նախարարը քննարկել է ՄԹ դեսպանի հետ

https://eco.am/%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ba%d5%b8%d6%80%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-2/

«Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, հուսով եմ, որ այդ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա»,- Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին նախարարությունում ընդունելության ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Հայաստանը համաժողովին մասնակցելու է հանրապետության նախագահի գլխավորությամբ և  ընդգրկուն պատվիրակությամբ։

COP28-ին ընդառաջ կազմակերպվել և իրականցվել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփիչ նիստը, որտեղ ներգրավված էին ինչպես պետական շահագրգիռ մարմինները, այնպես էլ  մասնավոր, դոնոր և աջակցող գործընկերները։

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Աբու Դաբիում հոկտեմբերի 30-31-ը կայացած Pre-COP28-ին։

Այս համատեքստում նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կլիմայական օրակարգը և առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Կլիմայի մասին օրենքին»։ Օրենքը նախատեսում է՝

1․ իրավական հիմք ապահովել երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման,

2․ կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականության մեջ ներառելու,

3․կլիմայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանք պետական ֆինանսների կառավարման համակարգի մեջ ինտեգրելու, ինչպես նաև այդ գործընթացների համակարգման, վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգի  ձևավորման, ոլորտում անհրաժեշտ իրավական զարգացումները ուղղորդելու համար։

Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2025 թվականին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի մշակման գործընթացքում խորհրդատվական համագործակցության։

Նախարարը դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նախարար Սիմիդյանը  հույս է հայտնել, որ երկրները կհամագործակցեն ոչ միայն բնապահպանական, այլև՝ տարածաշրջանում հաստատուն խաղաղության հաստատման օրակարգի շուրջ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով