2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլներ և մոպեդներ ներմուծման կամ օտարման մասով ավելացված արժեքի հարկի արտոնության ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
Շարժական աղբյուրներից արտանետումների կրճատման և շրջակա միջավայրի պահպանության նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում շարունակական են օրենսդրական բարեփոխումներն ու էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գործածության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը։
Այդ շրջանակներում, 2022 թվականի մարտի 17-ին 2022 թվականի համար 7.000, իսկ 2023 թվականի համար 8.000 էլեկտրամոբիլների՝ ՀՀ տարածք ներմուծման համար սահմանվեց զրոյական մաքսատուրք։ Արտոնությունը տարածվում է նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված էլեկտրամոբիլների վրա։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ բարեփոխումների արդյունքում 2022 թվականին ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների թվի էական աճ է արձանագրվել։
Արդյունքում՝
էլեկտրական տրանսպորտային միջոցների քանակը՝
1․ 2019-ի դրությամբ՝ 668,
2․ 2020-ի դրությամբ՝ 2.155,
3․ 2021-ի դրությամբ՝ 6.645,
4․2022-ի 3-րդ եռամսյակի դրությամբ՝ 8.098։
էլեկտրամոբիլների քանակը՝
1․ 2019-ի դրությամբ՝ 145,
2․2020-ի դրությամբ՝ 258,
3․2021-ի դրությամբ՝ 1.898,
4․ 2022-ի 3-րդ եռամսյակի դրությամբ՝ 2.323։






Թողնել մեկնաբանություն