էլեկտրական հովիվներ և շարժական արևային կայաններ տեղադրվեցին Շատին և Հերմոն բնակավայրերում

https://eco.am/%d5%a7%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b8%d5%be%d5%ab%d5%be%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5/

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում ծանոթացել է մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը:

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավել հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ:

Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել խնդրի լուծման շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա:

Ելույթներով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը: Վերջիններս իրենց խոսքում կարևորել են կառավարություն-միջազգային կազմակերպություններ սերտ կապը և այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք իրենց մեջ կհամադրեն բնապահպանական և սոցիալական շահերը։

Հանդիպման ընթացքում եռակողմ հուշագիր ստորագրվեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի,  WWF-Հայաստանի և «Եղեգ» համայնքային սոցիալկան-բնապահպանական հասարակական կազմակերպության միջև, որով սկիզբ կդրվի համայնքի «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը համայանքի 2 բնակավայրերում` Շատինում և Հերմոնում:

Վայոց ձորի Եղեգիս համայնքի,  WWF-Հայաստանի և «Արփի Սոլար» ՍՊԸ-ի միջև կնքված մեկ այլ հուշագրով էլ համայնքին են փոխանցվել 40 կիլովատանոց արևային կայան, որի շահագործումից գոյացած խնայողությունները կօգտագործվեն արջերի կողմից քաղաքացիներին հասցված գույքային վնասի հատուցմանը, 5 հատ 2 կիլովատանոց շարժական արևային կայաններ, որոնք ըստ անհրաժեշտության կօգտագործվեն համայնքում և հեռագնա արոտներում, ինչպես նաև, 6 հատ էլեկտրական հովիվներ (3-ը` հագեցված արևային համակարգերով), որոնք կօգնեն համայնքի բնակիչներին պաշտպանել մեղվափեթակները և այգիները արջերի հարձակումից:

Աշխատանքային այցի երկրորդ հատվածում նախարարը, մարզպետի, Անտառային կեմիտեի նախագահի, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենի և ներկա գործընկերների հետ այցելել է տնային տնտեսություններ, որոնց տրամադրվել են էլեկտրական հովիվները։ Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել և տեղեկացրել, որ պաշտպանիչ միջոցների տեղադրումից հետո արդեն տևական ժամանակ է արջերը չեն մոտենում իրենց տնտեսություններին։

Նախարարը տեղեկացրել է, որ սրանով խնդրի լուծումը չի համարվում վերջնական տրված և որ աշխատանքները շարունակական են լինելու։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել