«Ջերմուկը, որը ՀՀ կառավարության կողմից հայտարարված զբոսաշրջության կենտրոններից մեկն է, այսօր ծանր կացության մեջ է: Այդ վիճակում են նաև մյուս համայնքները, որոնք թիրախավորված են եղել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Ըստ նրա, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել․ «Ինչպես գիտենք, շատ ենթակառուցվածքներ ֆիզիկապես վնասվել են, դրանից բացի այսօր այնտեղ զբոսաշրջային այցելություններ չկան: Ջերմուկի առողջարանները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող այլ հաստատություններ այսօր չեն գործում։ Որոշ զբոսաշրջային կենտրոններ ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորված են եղել: Թեպետ սահմանին այսօր համեմատաբար հանգիստ է, միևնույն է այդ զբոսաշրջային կենտրոնները չեն գործում»,-արձանագրեց Ապրեսյանը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի դիտարկմամբ զբոսաշրջային կենտրոնները կանգնած են այնպիսի խնդրի առաջ, որ կարող են կորցնել այդ գործունեությունը, աշխատատեղերը․ «Եթե ոլորտի աշխատողները երկար գործազուրկ մնան ու փորձեն այլ ոլորտներում գործ գտնել, ապա շատ շուտով մասնագետների կորուստ կլինի: Հետո այդ բացը լրացնելը շատ դժվար կլինի»,- փաստեց Մ․ Ապրեսյանն ու ոլորտի ներկայացուցիչներին հրավիրեց միասին քննարկելու խնդիրը․ «Պետությունն ու մասնավոր հատվածին առաջարկում եմ միասին քննարկել, որպեսզի հասկանանք, թե այդ տուժած վայրերում ինչպես կարելի է զբոսաշրջությունը պահպանել, այդ ուղղությամբ միջոցառումների ծրագիր մշակել»:
Լրագրողների հետ հանդիպմանը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նաև թվարկեց զբոսաշրջության ոլորտում ստացած հարվածները՝ 2020 թվականից սկսած․ «Սկզբում համավարակն էր, հետո 44-օրյա պատերազմը: Դրանից հետո մեծ ջանքեր գործադրվեցին ոլորտը վերականգնելու, աշխուժացնելու ուղղությամբ, ինչը հաջողվել էր: 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 1 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան: Այս ցուցանիշով երկիրը կամաց-կամաց մոտենում է 2019 թվականի տվյալներին: Դրա համար պետք է պետություն-մասնավոր հատվածը ակտիվ աշխատանք իրականացնի՝ տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ իրավիճակի գնահատում, ճկուն արձագանք, աշխատանքի վերակազմակերպում, աջակցման ծրագրերի մշակում և այլն»,- առաջարկեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։




Թողնել մեկնաբանություն