Երկրաբանները օգնում են խուսափել բնական աղետներից․ նշվեց Երկրաբանի օրը

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%85%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d6%83%d5%a5%d5%ac-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af/

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա կառույցների ղեկավարներ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում մասնակցել են երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստին։

Նիստին մասնակցել են ոլորտը ներկայացնող գերատեսչությունների և գիտական կենտրոնների ներկայացուցիչներ։

Eco.am  սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

2004 թվականից ապրիլ ամսվա առաջին կիրակին ընդունված է նշել որպես երկրաբանի մասնագիտական տոն՝ Երկրաբանի օր , ինչը խորհրդանշում է երկրաբանական արշավների և դաշտային աշխատանքների սկիզբը:

«Երկրաբանությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև շրջակա միջավայրի ուսումնասիրության և զարգացման գլխավոր ու առանցքային գործիք։ Երկրաբանությունը թույլ է տալիս մեզ տեսնել Երկրի պատմությունը և գնահատել նրա երկրաբանական գործընթացները, որոնք հսկայական ազդեցություն են գործում մեր կյանքի և շրջակա միջավայրի վրա»,- շնորհավորելով երկրաբաններին և երկրաբանության ոլորտի ներկայացուցիչներին ասել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Ըստ նրա, երկրաբաններն աշխատում են աշխարհը դարձնել ավելի ապահով և կայուն վայր, ուսումնասիրում են ընդերքի ռեսուրսները, մշակում էներգիայի արդյունահանման և օգտագործման կայուն և արդյունավետ ուղիներ, ստեղծում տեղանքի և երկրաբանական քարտեզներ՝ օգնելով խուսափել բնական աղետներից և ստեղծել ավելի լավ միջավայր մեր կյանքի համար:

«Պետք է ևս մեկ անգամ հիշենք երկրաբանի աշխատանքի կարևորության մասին և թե ինչպես է այն ազդում մեր կյանքի որակի վրա: Այսօր մենք պետք է խոսենք մեր մասնագիտության ձեռքբերումներից և ապագա մարտահրավերներից»,-նշել է Տիգրան Գաբրիելյանն ու հավելել․ «Բնության կողմից տրված ընդերքի անգնահատելի հարստությունը թույլ է տալիս լուծել սոցիալ-տնտեսական և ռեկրեացիոն բնույթի բազմաթիվ սուր խնդիրներ։ Սակայն այս համատեքստում չափազանց կարևոր է նաև այդ ձեռքբերումները հավասարակշռել բնապահպանական շահի հետ։

Այս առումով ընդերքի արդյունավետ օգտագործումը և ընդերքի օգտագործման ոլորտում կայուն քաղաքականության ապահովումը հանդիսանում է շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքորեն կարևոր ուղղություն։ Այդ հավասարակշռության ապահովման ճանապարհին մենք շատ անելիք ունենք՝ մասնագիտական որակների զարգացումից մինչև ժամանակակից տեխնոլոգիաների ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում»,- իր ելույթում պնդել է ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով