«Երեխաներն ու երիտասարդները կլիմայական փոփոխությունների ամենախոցելի թիրախում են»․Հ․ Սիմիդյան

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a5%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%a1/

 «Այսօր կլիմայական փոփոխությունները ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար դարձել են առաջնային, և երեխաններն ու երիտասարդները, ըստ էության, կլիմայական փոփոխությունների  ամենախոցելի թիրախում են գտնվում»,- Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը ստորագրելուց հետո ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն։

Հայաստանն աշխարհում երեսունութերորդ, իսկ Կովկասում առաջին երկիրն է, որն ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվում է կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Շրջակա միջավայրի նախարարությունից։

Ըստ նախարարի ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար․ «Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն և ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում»։

Նախարարի դիտարկմամբ ծրագիրը կարևոր գործընթաց է, նախարարության ռազմավարության մշակման շրջանակում ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ աշխատանքը կարող է օգնել երեխաների և երիտասարդների մասով ճշգրիտ լուծումներ գտնելուն։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը ևս ողջունել է հռչակագրի ստորագրումը՝ նշելով, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ճանաչելու և հաշվի առնելու երեխաների և երիտասարդների կարիքներն ու իրավունքները, ինչպես նաև նրանց տեսլականը, երբ խոսքը վերաբերում է բոլոր մակարդակներում կլիմայի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը:

«Կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի և սակավաջրության ավելացման: Երեխաները այս սպառնալիքների կենտրոնում են: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են երեխաները և երիտասարդները միավորվել գործողություններ իրականացնելու կոչերով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գոհունակությամբ աջակցել է Հայաստանից երկու երիտասարդների մասնակցությանը COP 27-ին՝ միանալու այդ ջանքերին: Իսկ այսօր շատ ուրախ եմ տեսնել, որ ՀՀ կառավարությունը անսացել է նրանց ձայնը և արձագանքել»,– նշել է  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հռչակագրի նպատակներից մեկն է՝ ընդլայնել երեխաների և երիտասարդների մասնակցությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականությանն ուղղված գործընթացներում՝ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վերաբերյալ ավելի շատ կրթելու, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռքբերման միջոցով իրենց պաշտպանելու, անվտանգ կյանքին և կայուն ապագային նպաստելու համար:

Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է Շրջակա միջավայրի նախարարության և այլ գործընկերների հետ՝ շարունակելու դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ, բարելավելու դպրոցական ծրագրերը և մշակելու ուսումնական նյութեր, որոնք արդյունավետորեն կներգրավեն աշակերտներին՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու համար: Այս ամենը՝ տեղական իշխանությունների և ընդհանուր առմամբ համայնքի հետ համագործակցությամբ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել