Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին 8 ընկերություններով մասնակցում է նաև Հայաստանը

https://eco.am/%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%b6%d5%b6%d5%a4%d5%ab-%d6%87-%d5%a8%d5%b4%d5%ba%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1/

Հոկտեմբերի 9-13-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաքում տեղի է ունենում «Անուգա 2021» Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսը։ Միասնական տաղավարով Հայաստանը ցուցահանդեսին ներկայանում է բուսական թեյերի արտադրության, չրարտադրության և պահածոների արտադրության ոլորտներում գործող ութ ընկերություններով։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը հնարավոր է դարձել «Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ։

«Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. ԵՄ-ն բիզնեսի համար (EU4Business) նախաձեռնություն» ծրագրի  տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  «Անուգա 2021»-ն ամենամեծ միջազգային հարթակն է կապերի հաստատման և վաճառքի խթանման համար, որին հայաստանյան ընկերությունները ներկայացված են պանդեմիայի սկսելուց հետո։ Ցուցահանդեսին մասնակցությունը նպաստում է տեղական արտադրության առաջխաղացմանը, ինչպես նաև՝ արտահանման ծավալների և աշխարհագրության ընդլայնմանը։

«Անուգա 2021»-ը հնարավորություն է տալիս սննդամթերքի վերամշակմամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել և ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները՝ արտադրությունից մինչև փաթեթավորում, ինչպես նաև ձեռք բերել նոր գործընկերային կապեր արտահանումը խթանելու համար։

«Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը կարևոր է հատկապես ներկայիս պայմաններում, երբ պանդեմիայի պատճառով ընկերությունները մեկուկես տարի զրկված են  եղել գործընկերների և գնորդների հետ կենդանի շփման հնարավորությունից։ «Անուգա 2021»-ին մասնակցությունը նպաստում է, որ հայաստանյան ընկերությունների արտադրանքը դառնա առավել մրցունակ արտաքին շուկաների համար, և նոր ուղիներ բացվեն արտահանման համար», – նշել է  Հայաստանում ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (EU4Business) շրջանակում իրականացվող «Առևտրի համար պատրաստ» ծրագրի ղեկավար Կարեն Գևորգյանը։

Ըստ հաղորդագրության՝ ցուցահանդեսների վերսկսելուց հետո «Անուգա 2021»-ն ամենամեծն է Եվրոպայում մասնակից ընկերությունների թվով և տարածքի մեծությամբ։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 4000 ընկերություններ աշխարհի 94 երկրներից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։