ԵՊՀ ֆիզիկոսները մոդելավորելու են նոր սերնդի «էլեկտրոնային քիթ» միկրոհամակարգ

https://eco.am/%d5%a5%d5%ba%d5%b0-%d6%86%d5%ab%d5%a6%d5%ab%d5%af%d5%b8%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b4%d5%b8%d5%a4%d5%a5%d5%ac%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a5%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80/

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան և ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսավորած կիրառական նշանակության դրամաշնորհային ծրագրի շրջանակում համատեղ իրականացնում են «Մետաղօքսիդային նանոկառուցվածքային բարակ թաղանթների հենքով գազային տվիչների և «Էլեկտրոնային քիթ» միկրոհամակարգերի պատրաստում» թեման:

Նախագիծը նվիրված է մետաղօքսիդային (ZnO, ZrO2 և SiO2) նանոկառուցվածքային

բարակ թաղանթների (ՆԲԹ), ածխածնային նանոխողովակների հիման վրա նոր սերնդի գազային տվիչների ու դրանց համատեղմամբ «Էլեկտրոնային քիթ» բազմաֆունկցիոնալ միկրոհամակարգի պատրաստմանը, որոնք աշխատում են լայն ջերմաստիճանային տիրույթում: Բարձրորակ թաղանթների ստացման համար մշակված հատուկ

մոդելային թիրախների պատրաստմամբ և ՆԲԹ նստեցման ֆիզիկական (PLD, DC, RF) և քիմիական (CVD, Զոլ-գել) տեխնոլոգիաների զարգացմամբ նախատեսվում է ստանալ նախընտրելի բնութագրերով բարակ թաղանթներ ու պատրաստել վտանգավոր գազերի՝ ածխածնի և ազոտի օքսիդների, ինչպես նաև ածխաջրածինների դիմադրային տիպի բարձրարդյունավետ գազային տվիչներ՝ բարձր ընտրողականություն և զգայունություն (մինչև մի քանի ppm), աշխատանքային կայունության պահպանում ջերմաստիճանի լայն տիրույթում (-40C≤T≤400C) և ագրեսիվ միջավայրերում (բարձր ճառագայթային և խոնավության պայմաններում)։

Թեմայի գիտական ղեկավար Մկրտիչ Երանոսյանի խոսքով, հետազոտական ծրագրի իրականացումը նպաստելու է բուհ-մասնավոր hատված կապերի հաստատմանն ու խորացմանը, փոխադարձ կարիքների բացահայտմանն ու դրանց բավարարման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը: Դրա նպատակը շուկայում պահանջարկ ունեցող, ինչպես նաև նոր պահանջարկ ձևավորող նախատիպային նմուշների պատրաստումն է:

«Էլեկտրոնային քիթ» համակարգերը կարող են համատեղել տարբեր լաբորատոր գործառույթներ միևնույն միկրոհամակարգի՝ չիպի վրա՝ ապահովելով գազային խառնուրդի առանձին բաղադրիչների միաժամանակ հայտնաբերման և ճանաչման հնարավորություններ:

Ըստ Մ. Երանոսյանի՝ նախագիծը, Հայաստանում նոր բարձր տեխնոլոգիական գիտատար արտադրանքի ստացման նպատակից բացի, միտված է նպաստելու մաքուր միջավայրի պահպանությանը և անվտանգությանը: Նոր սերնդի գազային տվիչների հիմնական խնդիրը շրջակա միջավայր արտանետվող և մարդու առողջության համար վտանգավոր գազերի վաղ հայտնաբերումը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն է:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել