Այսօր ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը։ Նորանշանակ տնօրենը տվյալ կառուցում պաշտոնակատար էր նշանակվել դեռևս հունվարի վերջին:
Բուսաբանության ինստիտուտում վեց ամսվա ընթացքում կատարած աշխատանքներն այսօր կետ առ կետ իր ելույթում ներկայացրեց Արսեն Գասպարյանը․
1․Վերանորոգվել է Հնէաբուսաբանության թանգարանի ֆասադային հատվածը,
2․նորոգվել է Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի տարածքը,
3․ մեկնարկել են Արմեն Թախտաջյանի կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքները,
4․մեկնարկել է թափոնների տեսակավորման գործընթացը. տեղադրվում են թափոնամաններ,
5․ Ստեղծվել է բուսաբանական արահետ՝ կահավորված անհրաժեշտ ցուցանակներով,
6․ Մեկնարկել է նոր փայտե կառուցվածքներով խաղահրապարակի ստեղծման ծրագիրը,
7․ «ԲՈՒՆ» հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծվում է բույսերի մասին պատմող հաղորդաշար,
8․ Հերբարիումում տեղադրվել է հակահրդեհային համակարգ,
9․ստեղծվել են արագ արձագանքման խումբ և տարհանման պլաններ,
10․Իրականացվում են էկոկրթական միջոցառումներ, էքսկուրսիաներ,
11․ Բուսաբանության ինստիտուտը ներգրավվել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման, Քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարում կլիմայի փոփոխության ակնկալվող մարտահրավերների շրջանակում քաղաքապետարանների կարողությունների զարգացման ծրագրերում:
Ըստ, նորանշանակ տնօրենի, նախատեսվում է․
1․ Երևանի բուսաբանական այգու սահմանների ճշգրտում,
2․ ինստիտուտի գիտաշխատողների տպագրությունների ավելացում Scopus/Web of Science շտեմարաններում, երիտասարդ գիտնականների համար ծրագրերի և միջոցառումների իրականացում,
3․ նոր լաբորատորիաների հիմնում և սարքավորումներով լաբորատորիաների վերազինում․
4․բնապահպանական ծրագրերից և ծառայություններից նախատեսվում է Ex-situ պահպանություն, վտանգված տեսակների վերաբնակեցում, կենսաբազմազանության մոնիթորինգ, տնկարանային և ջերմոցային տնտեսության վերականգնում, կանաչապատում և բույսերի վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում:

Արսեն Գասպարյանը ծնվել է 1983թ-ին՝ Երևանում: 2001-2003թթ-ին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում: Եղել է նույն համալսարանի Բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:
Արսեն Գասպարյանը 2007-2012թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում, 2009-2016թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2016թ-ից ընդգրկված է եղել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation):
Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:




Թողնել մեկնաբանություն