«Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության, ինչպես նաեւ գործողների ոչ պատշաճ կիրառման հետեւանքով խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանման կարգերը»,- այսօր ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրեց իր հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Վերոնշյալ հարցն այսօր ԱԺ-ում քննարկվեց առաջին ընթերցմամբ։ Նախագիծն ուղղված է Հայաստանում բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, օգտագործման եւ պաշտպանության նկատմամբ հանրային եւ վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն:
Նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկում է բարձրացնել օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ` վեց ամսվա ընթացքում:
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու դեպքում նախատեսվում է կրկնապատկել գործող վարչական տույժերի չափերը` քաղաքացիների համար տուգանքի չափն ութսունապատիկից դարձնելով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար` երեքհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը 6 ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` երեքհարյուրհիսնապատիկի չափով:
Օրենսգրքում լրացումներով հեղինակն առաջարկում է նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքում կրկնապատկել տուգանքի չափերը:
Լիլիթ Գալստյանի խոսքով մշակութային հուշարձանների ժառանգության պահպանման նկատմամբ պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն վարչական տուգանքների սահմանմամբ: Պատգամավորը նշել է, որ հետագայում կառաջարկի համապատասխան լրացումներ կատարել նաեւ Քրեական օրենսգրքում:
Eco.am






Թողնել մեկնաբանություն