Արցախի առնվազն 1815 հա անտառների հրդեհումը

https://eco.am/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%b6%d5%be%d5%a1%d5%a6%d5%b6-1815-%d5%b0%d5%a1-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0%d5%b8%d6%82/

Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի է մատնվել արդեն 1815 հեկտար անտառածածկ տարածք, սակայն տարբեր վայրերում հրդեհները շարունակվում են, և առկա է ծավալների արագ աճի միտում:

Հաշվի առնելով հրդեհված անտառների ծավալն ու աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը կանգնած է բնապահպանական աղետի առաջ, որը խարխլում է տարածաշրջանում բնապահպանական անվտանգությունը և երկարաժամկետ վտանգավոր հետևանքներ է պարունակում Արցախի բնակչության կյանքի ու առողջության համար: Բացի դրանից, ադրբեջանական զինված ուժերն այդ հանցավոր մեթոդաբանությամբ նպատակ ունեն վնասել անտառներում ապաստանած քաղաքացիական բնակչությանը:

Պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը պատերազմական հանցագործություն է և կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել ադրբեջանական հանցագործությունները դատապարտելու և աջակցություն ցուցաբերելու անձին իր իրավունքների պաշտպանության հարցում:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել