Արենի քարանձավ․ գողտրիկ վայր Հայաստանում

https://eco.am/%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d6%84%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b1%d5%a1%d5%be%e2%80%a4-%d5%a3%d5%b8%d5%b2%d5%bf%d6%80%d5%ab%d5%af-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1/

Աշնանը զբոսաշրջիկիների համար մեկնարկում է, այսպես ասած, «թավշյա սեզոնը»։ Առցանց ուսումնասիրություններից պարզվում է, որ օրինակ ռուսաստանցի զբոսաշրջիկներն աշնանը զանգվածաբար որոշել են մեկնել Հայաստանը։

Ըստ վերլուծաբանների` սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ամրագրումների առումով առաջատար են մերձավոր արտասահմանի երկրները, իսկ Հայաստանին եւ Ղրղզստանին ընդհանուր հաշվով բաժին է ընկնում ձևակերպված տոմսերի գրեթե 30 տոկոսը:

Մինչ արտասահմանցի զբոսաշրջիկները կկողմնորոշվեն, թե Հայաստանի տեսարժան վայրերից որ մեկը կընտրեն, իրենց «թավշյա սեզոնի» հանգստի համար, Eco.am-ը հայաստանյան զբոսաշրջիկների համար առաջարկում է Արենի քարանձավը, որտեղ այցելելուց հետո կհեռանաք հրաշալի տպավորություններով։

Արենի քարանձավ կամ Թռչունների քարանձավը գտնվում Է Արփա գետի վտակ Գնիշիկի մոտ` 30 մետր բարձրության վրա: Քարանձավը տեղակայված է անմիջապես գետափնյա ռեստորանի հետևում` ժայռի մեջ (դեպի կիրճը թեքվելիս աջ կողմում): Այնտեղ կարելի է հասնել ռեստորանի հետևից բլուրն ի վեր բարձրացող արահետով, որը տանում է դեպի քարանձավը մատնանշող եռանկյունաձև մուտքը։

Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։ Ժայռի պատերի ավելի վերին հատվածներում այն ունի ևս մի քանի փոքր խորշեր: Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով: Այն դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ:

2007 թվականից սկսած թռչունների քարանձավում իրականացվում են հնագիտական պեղումներ: Արդյունքում` պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն:

Հետաքրքիր փաստեր

Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: Աջ ոտքի համար հարմարեցված և խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին: Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։ Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։

Մի քանի տարի առաջ Թռչունների քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որն համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը: Կա պատմամշակութային, էկոլոգիական, էքստրիմ և գինու տուրիզմի մեծ պոտենցիալ: Յուրաքանչյուր տարի Արենի գյուղում կազմակերպվում է բերքի / գինու տոն, որտեղ ներկայացվում է Արենի համայնքի և հարակից գյուղերի արտադրանքը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել