2020 թվականի համավարակային «տնային կալանքից»՝ կարանտինից հետո, համաշխարհային նորաձևության տները սկսեցին իրենց գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և հոգածությամբ վարվել բնության նկատմամբ։ Հայաստանում այդ տենդենցը, կարծես թե, նոր է ծիլեր տալիս։
Ոճաբան, հագուստի և աքսեսուարների արտադրության ZIAN ապրանքանիշի հիմնադիր Նաիրա Նիազյանն այդ գործում առաջամարտիկ է Հայաստանում։ Նրա մտքի թռիչքի ու լայն մտահորիզոնի արդյունքում, ձեր տատիկների ու մայրիկների հագուստները կվերափոխվեն՝ դառնալով առօրյա կրելի հագուստներից մինչև արվեստի նմուշներ։ Այդ քայլով մոդելավորողը միանգամից խնայել է երկու կարևոր հանգամանք՝ շրջակա միջավայրն ու սեփական ընտանեկան բյուջեն։ Իսկ, թե ինչպե՞ս Eco. am սոցիալական հարթակը պարզեց Նաիրայի հետ զրույցի ընթացքում։
-Նախ, մի փոքր խոսենք արդեն իսկ համաշխարհային ծավալների հասած տենդենցի մասին, որը կոչվում է իրերի խելամիտ սպառում՝ «էկո ֆրենդլի»: Էկոն իրենից ներկայացնում է էկոնոմիկա, էկոլոգիա, շրջակա միջավայրի և ընդհանրապես բնության նկատմամբ հոգածություն: Իսկ արագ փոփոխվող նորաձևությունն ու տենդենցները եկան խախտելու մարդու և բնության միջև բալանսը: Ավելի պարզ՝ թեթև արդյունաբերությունը, շրջակա միջավայրի աղտոտման ծավալներով, երկրագնդի վրա զբաղեցնում է երկրորդ տեղը՝ նավթից հետո:
Ընդհանրապես, մաս-մարկետային նորաձևությունը եկավ վերացնելու անհատականությունն ու մարդկանց զրկելու իրենց վառ ԵՍ-ի դրսևորումից:
Եթե անցած դարաշրջանի 50-ական թվականներին Քրիստիան Դիորի «Նոր լուքը», երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եկավ տարանջատելու կանանց և տղամարդկանց հագուստների միլիտարիի վերածված խառնաշփոթն ու կանանց վերադարձնելու հմայքն ու կանացիությունը, իսկ տղամարկանց՝ բոնդային կոկետություն, ապա նորագույն շրջանի փոփ-արտ դիզայներները ջնջեցին բոլոր ժամանակների ոճերը, ձեռագրերն ու երիտասարդներին դարձրին տգեղ ու տձև՝ «Ugly fashion»-ի և ծույլ ու ալարկոտ՝ «Body positive»-ի զոհեր:
-Նաիրա, իսկ ի՞նչ են թելադրում այսօրվա նորաձևության տենդենցները, դրանք ի՞նչ կապ ունեն շրջակա միջավայրի և բնության պահպանության հետ։
– Այդ առումով, 2021 թվականը շրջադարձային եղավ երկու ուղղությամբ՝ նորաձևության տենդենցների անսպասելի նորամուծությամբ և մինիմալի հասցնելու թեթև արդյունաբերության ծավալները։
Նախ, նորաձևության տենդենցների անսպասելի նորամուծությունն իրենից ենթադրում էր հագուստի երկարաժամկետ կրման, համադրման, հին հավաքածուներին նոր շունչ տալու, թարմացնելու, վնասված իրերը վերականգնելու և վերամշակելու։ Իսկ երկրորդ տարբերակն իրենից ենթադրում էր՝ թեթև արդյունաբերության ծավալները մինիմալի հասցնելու և օգտակար թափոնների խելամիտ սպառման կոչերով։ Այսպիսով, հոգ տանելով շրջակա միջավայրի և բնության նկատմամբ:
Հագուստի բազմակի կրման, վերամշակման, վերականգնման, վինտաժային և արտ լուծումների օգնությամբ, երկրորդ կյանք տալու, շրջակա միջավայրի և էկոլոգիայի մասին հոգ տանելու, և ընդհանրապես՝ ոճային ինդիվիդումի գաղափարախոսության տարածումը, ոչ միայն նորաձևության տների, այլև հոլիվուդյան աստղերի մենաշնորհն է:
-Այսինքն, ի՞նչ է այն իրենից ենթադրում և ինչպե՞ս է այն իրագործելի Հայաստանի պայմաններում։
– Հայաստանի նման փոքր, թեթև արդյունաբերական արտադրություն չունեցող, միայն պատրաստի հագուստ սպառող երկրներում, նման խնդիրների, նաև տենդենցների բարձրաձայնումն ու տարածումը, կարծում եմ՝ շատ կարևոր է։ Հատկապես՝ մեր բազմամյա ստեղծագործական արժեքներն ու պոտենցիալը մշտարթուն պահելու, ձեռագործությունն ու շնորհը պրոպագանդելու, կիրառելու, ցուցադրելու, մրցակցելու և վերջապես, աշխարհի հետ մշակութային հաղորդակցություն ունենալու համար:
Եթե ճիշտ ինֆորմացված լինենք և հասկանանք շրջակա միջավայրի պահպանման, էկոլոգիայի, գետերի ու ջրամբարների մաքրության կարևորության, կարիքավորների նկատմամբ հոգատարության ու հոգածության կարևորության մասին, մեր պետությունն էլ կկայան որպես բրենդ՝ հարուստ և կայացած տնտեսությամբ:
Տեքստիլի թափոնների կամ շինարարական աղբի տեսակավորումն աշխարհում կատարվում է առանց ավելորդ բարդույթների. կրած կամ վնասված հագուստը քիմմաքրվում, վերականգնվում, փաթեթավորվում և վաճառվում է եվրոպական սեքնդհենդերում, որտեղից էլ ուղարկվում և վաճառքի է հանվում փոքր և աղքատ բնակչությամբ երկրներում: Մեր երկրում նմանատիպ հագուստ-աքսեսուարների խանութները բազմաթիվ են: Իսկ, ահա, պլաստիկ և շին թափոններից արտադրվում է գերժամանակակից զինամթերք և սպեցպարագաներ, ինչը նույնպես շատ անհրաժեշտ է մեզ:

– Նաիրա, տարիներ առաջ բավականի ակտիվ գործունեություն էիք ծավալում, վերջին շրջանում ոչ միայն պասիվ, այլ ընդհանրապես, կարելի է ասել ընդհատակ եք անցել։ Պատճառը, համավարակային ու պատերազմյան շրջանն էր, թե՞ Հայաստանում անելիք չկա այդ ոլորտում։
– Նորաձևության և էսթետի՝ «Armenian Fashion Day» և «Yeravan Fashion Week Golden Lace» կուլտային դարձած երկու մշակութային իրադարձությունների՝ որպես մեկի հիմնադիր ու մյուսի կազմակերպիչն եմ հանդիսացել։ Այդ հինգ տարիների ընթացքում դրանք երկու երկրների մշակութասեր հասարակության մի ստվար հատվածին են ներկայացրել, ինչպես սովետական նորաձևության կենդանի գուրու Վ. Զայցեվի լավագույն աշխատանքների 40 րոպե տևողությամբ շոուն, ժամանակակից ֆրանսիական և արևելյան դիզայներների աքսեսուար- հագուստների ցուցադրությունները, այնպես էլ՝ բացահայտել ու պոդիում տրամադրել սկսնակ և տաղանդավոր հայ սթարթ-ափերի:
Համավարակային ու հաջորդիվ ծանր պատերազյան շրջանները պայամանավորեցին կյանքի ու ընդհանրապես արժեհամակարգի վերաիմաստավորման մի այլ էտապ. Հայաստան վերադարձը, «Matnoc» կարի փոքր արտադրամասի հիմնումը, կադրերի պատրաստումը, հագուստի արտադարության ու վերամշակման սոցիալական ծրագրերն ու բարեգործական միջոցառումները՝ «Stand by Armenian Women» ֆոնդի շրջանակներում: Այս շրջանը նաև իմ անձնային աճի, որպես բրենդ ռեսթարթի մեծ շրջան էր։ Այդ ընթացքում նորաձևության ինսայդերից պոկեցի ստեղծագործող տեսակս՝ անսահման ազատության, ժամանակների, ոճերի, տենդենցների, մայրիկ-տատիկների պահարաններից, ժամանակակից մաս-մարկետներից մինչև թանգարանային արխիվներ՝ որոնելու, վերականգնելու-վերամշակելու, «recycling – upcycling»-ից մինչև էկլեկտիկ ոճի ZIAN ապրանքանիշի հագուստի և աքսեսուարների արտադրություն և վաճառք: Օրինակ, իմ կարի փոքրիկ արտադրամասում կտեսնեք բնական տեքստիլից և ազնիվ մետաղներից ապրանքանիշի երկար կրման հագուստ և աքսեսուարներ, վերականգնած ու վերամշակած, 70-ականներից պահպանված վինտաժային իրերի և նորի համադրությամբ։ Ինչպես նաև բնական կաշվի համադրությամբ լուքեր, «upcycling»-ի օրինակով աութֆիթեր՝ ձեռագործ աշխատանքներ, արխիվային ձայնասկավառակների, մանկական խաղալիքների, բնական կիսաթանկարժեք քարերի և այլ դետալների ձեռագործ մշակմամբ:
-Իսկ առաջիկայում, նորաձևությանը հետևող հասարակության համար ի՞նչ նորարարությամբ հանդես կգաք։
– Ունեմ գեղեցիկ համագործակցություններ թատրոնների, թանգարանների և երաժշտական հեղինակավոր փառատոների հետ։ Հիմա աշխատանքներն ընթացքի մեջ են: Ամենակարևոր նորությունը՝ հագուստի և աքսեսուարների տեսքով, տեքստիլի վերամշակման ու վերականգնման գաղափարախոսությամբ իրականացվող ցուցադրությամբ կներկայացնամ տարեվերջին:






Թողնել մեկնաբանություն