Ասեղնատերև անտառների համար իրավիճակը աղետալի է ոչ միայն Սևանում, այլ ամբողջ Հայաստանում․ տեսանյութ

https://eco.am/%d5%a1%d5%bd%d5%a5%d5%b2%d5%b6%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d6%87-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af/

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում վերջերս տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ ներկայացվեց, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հիվանդությամբ վարակված սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է։

Սակայն, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ահազանգում է՝ Հայաստանում մոտ 50 հազ հեկտար ասեղնատերեւ անտառ (սոճուտ) է ոչնչանում։

«Անտառի մասսայական ու աղետալի ծավալների ոչնչացման պատճառը հիվանդությունն է, որի դեմ Կառավարությունը փաստացի պայքար չի տանում։ Իսկ շտապ պետք է վարակված ծառերը կտրել, արմատախիլ անել, վարակված փայտանյութն էլ վառել, կամ ջերմային (+56 և ավելի Աստիճան) հատուկ մշակման ենթարկել։ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը վերջերս քննարկում էր կազմակերպել այս խնդրի վերաբերյալ, սակայն խոսել են միայն «Սևան ազգային պարկի» տարածքում, սկզբում 8 հազ հատ սոճիների, հետո ևս 10 հազար հատ արդեն չորացած սոճիների մասին։ Սակայն, աղետալի է իրավիճակը ասեղնատերև անտառների համար ոչ միայն Սևանի ավազանում, այլ ամբողջ Հայաստանում»,- այս մասին հայտնում է Նարինե Կիրակոսյանը։

Ըստ նրա, նախարարությունում գիտության ոլորտի երկարամյա փորձ ունեցող մասնագետներ չկան, չի մշակվում նաև վարակի վերացման գործողությունների պլան։

«Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում բնակվող գյուղատնտեսության գիտությունների թեկնածու, անտառային տնտեսության մասնագետ Կարեն Տեր-Ղազարյանի կարծիքով ասեղնատերև ծառերի համատարած չորանալը նեմատոդա անվամբ հիվանդության պատճառով է։ Նրա խնդրանքով հնաբան-բուսաբան Իվան Գաբրիելյանը Հայաստանի տարբեր վայրեր է այցելել, այդ թվում Վրաստանի Սահմանային Պրիվոլնոյե գյուղի սոճուտ, Սյունիքում Գեղվա գետի հովիտ և այլ վայրեր Հայաստանում, որտեղ սովետական շրջանում հիմնվել էին սոճուտներ։ Այդ տնկովի ասեղնատերև անտառներն էլ հենց վարակվել են։ Ի դեպ 1960-80 թթ այդ սոճուտները հիմնելու նպատակով սերմեր էին բերվել Ուկրաինայի Չեռնիգովի մարզից։ Մասնագետի խոսքով նեմատոդայով վարակը նկատվել է Հայաստանում առաջին փուլում 2017 թվականին։ Սակայն պատկան մարմինները ոչ մի գրագետ և իրատեսական միջոցառում չեն ձեռնարկել, վարակը կանգնեցնելու, հետո էլ վերացնելու ուղղությամբ։ Անգործության արդյուքում Հայաստանը կարող է հայտնվել միջազգային բույսերի անվտանգության, այսինքն ֆիտոսանիտարական արգելքների գոտի։ Նման դեպքում հայտարարվում է կարանտին և բոլոր պահանջվող միջոցառումներից հետո միայն Հայաստանը կարող է նորից արտահանել փայտից ստացված որևիցե ապրանք»,- ասում է Նարինե Կիրակոսյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով