Անտառածածկույթն ավելացնել 2,5 %-ով, վառելափայտի պահանջարկը նվազեցնել՝ 30 %-ով

https://eco.am/%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%ae%d5%a1%d5%ae%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%b6-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-25-%d5%b8%d5%be-%d5%be%d5%a1%d5%bc%d5%a5%d5%ac/

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ, օրերս մեկնարկեց «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկերներին տեղեկացնել ծրագրի հաջող մեկնարկի մասին և քննարկել հետագա աշխատանքները։

«Մեզ համար առանցքային նշանակություն ունի ոլորտի դերակատարների ներգրավումը ծրագրում։ Նպատակը` իրականացվող ծրագրի նկատմամբ սեփականատիրական մոտեցումն առավելագույնի հասցնելն է ազգային մակարդակում», – ասել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Կլիմայի փոփոխության տեսանկյունից Հայաստանը շատ խոցելի է։ Համաշխարհային բանկը տեղեկացնում է, որ վերջին տասնամյակների ընթացքում եղանակային արտակարգ իրավիճակների (օրինակ՝ փոթորիկներ, ձնաբուք և ջերմային ալիքներ) թվի բացահայտ աճ է գրանցվել: Ներկայիս կլիմայական միտումները կանխատեսում են ապագայում միջին ջերմաստիճանի բարձրացում, տեղումների, գետերի հոսքի և ձյան ծածկույթի նվազում: Միաժամանակ բնակչությունը մեծապես կախված է վառելափայտից, ինչը կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն անտառներն է՛լ ավելի խոցելի է դարձնում:

Անտառների զարգացման այս ութամյա ծրագիրը նպատակ ունի Հայաստանում անտառածածկույթն ավելացնել 2,5 տոկոսով, իսկ գյուղական համայնքներում վառելափայտի պահանջարկը նվազեցնել առնվազն 30 տոկոսով: Ծրագիրը նաև ձգտում է մեծացնել բնական ռեսուրսները կառավարող համայնքների դերը, բարելավել վառելափայտի կառավարումը և անտառային հումքից ստացվող ապրանքների ու ծառայությունների արտադրությունը:

Ծրագիրը կիրականացվի Լոռու և Սյունիքի մարզերում։ Վերջիններս ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակներից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունից՝ ի լրումն անտառային կարևոր էկոհամակարգերի վրա հնարավոր ազդեցության:

Ծրագրում կիրառվող մոտեցումը համեմատաբար նոր է Հայաստանում անտառների կայուն կառավարման տեսանկյունից և կարող է որպես մոդել կիրառվել ողջ երկրում՝ խթանելով ցածր արտանետումներով զարգացումը:

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել