ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կկատարվեն

https://eco.am/%d5%a1%d5%b4%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d6%87%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bb%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b8%d6%80%d5%a1%d5%af/

ԱԺ արտահերթ նստաշրջանում երեկ քննարկվել է  ««ՀՀ ջրային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  օրենքի նախագիծը` կից փաթեթով: Փաթեթով սահմանվել են հիմնական հասկացություններ և ամրագրվել կարգավորումներ:

Մասնավորապես՝

1․սահմանվել է ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում հասկացությունը, քանի որ ՀՀ ջրային օրենսգրքի հիմնական գաղափարներից մեկը բոլոր առաջադեմ երկրների կողմից իրականացվող ջրային ռեսուրսների ջրավազանային համապարփակ կառավարման սկզբունքն է և այդ սկզբունքին անցնելը:

2․Սահմանվել են նոր հասկացություններ, մասնավորապես, մակերևութային ջրային մարմին, ստորերկրյա ջրային մարմին, խիստ փոփոխված ջրային մարմին, ջրային ռեսուրսների ինքնամաքրում, կլիմայի փոփոխման նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն և հարմարվողականություն և այլ կարևոր հասկացություններ:

3․Ամրագրվել է մակերևութային ջրերի որակի հինգ կարգավիճակ` «ջրային մարմնի գերազանց կարգավիճակ», «ջրային մարմնի լավ կարգավիճակ», «ջրային մարմնի միջակ կարգավիճակ», «ջրային մարմնի վատ կարգավիճակ», «ջրային մարմնի ցածր կարգավիճակ»` կախված ջրային մարմնի ֆիզիկաքիմիական, հիդրոմորֆոլոգիական և կենսաբանական բնութագրիչներից:

4․Ամրագրվել են դրույթներ ջրի գերազանց և լավ վիճակի պահպանման վերաբերյալ, համաձայն որոնց` պետք է ձեռնարկվեն միջոցներ գերազանց կամ լավ վիճակում գտնվող մակերևութային ջրային ռեսուրսը պահպանելու համար:

5․Ամրագրվել է ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիություն ապահովվելու սկզբունքը, որը կապահովի հավասար հասանելիություն անձանց համար:

6․ Կանոնակարգվել են ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության վերանայման հետ կապված իրավահարաբերությունները:

7․ Հստակեցվել են ջրօգտագործման թույլտվության 3 տարի անընդմեջ չօգտագործման օրինական հիմքերը: Առանց դրանց առկայության` ջրօգտագործման թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:

«Օրենսդրական փաթեթով նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի որոշումից, և դրա ընդունումը հետամուտ է ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի ջրով քաղաքացիների և տնտեսության պահանջների բավարարմանը, մակերևութային և ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի վատթարացման կանխմանը, խիստ փոփոխված ջրային մարմինների կարգավիճակի բարելավմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը»,- իր ելույթում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։

«Սա այն հարցն է, որը պետք է երկար քննարկվեր նաև շահագրգիռ անձանց մասնակցությամբ, որը մենք ինքնուրույն չպետք է լուծենք, առանց ճշտելու համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների վերաբերմունքը, այդ թվում` համայնքների»,-  կարևորելով ներկայացված փաթեթի անհրաժեշտությունը, դիտարկեց ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Իսկ այսօր արդեն Ազգային ժողովի  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ։ Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով