ԱՄՆ-ի Անտառային ծառայության ներկայացուցիչներն այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

https://eco.am/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81/

 ԱՄՆ-ի Անտառային ծառայության (US Forest Service) ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք այցելել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) պահպանվող տարածքներ՝  գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) իրականացված աշխատանքներին ծանոթանալու։

Այցի գլխավոր նպատակն էր քննարկել Հայաստանում վայրի բնության և անտառային հրդեհների խնդիրներն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված հեռանկարները։ ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ հիմնադրամը 2020 թվականից իրականացնում է անտառային հրդեհների կանխարգելման, հիմնադրամի կողմից կառավարվող CWR մասնավոր պահպանվող տարածքի անտառապահների կարողությունների զորեղացման ու տեխնիկական համալրման աշխատանքներ, ինչպես նաև մի շարք հանրային իրազեկման արշավներ ու միջոցառումներ և կրթական ծրագրեր։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ՝ գործնկերները շրջել են ապաստարանում, այցելել բնիկ ծառատեսակների տնկարան, որը 2016 թվականին հիմնվել է հենց ԱՄՆ Անտառային ծառայության աջակցությամբ, ինչպես նաև ծանոթացել արջերի փրկության, էկոտուրիզմի, համայնքների զարգացման և մի շարք  այլ ծրագրերին։ Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են գործնկերներին առաջիկա ծրագրերի մասին ծավալուն ինֆորմացիա։

«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ի Անտառային ծառայության հետ սերտ աշխատանքներ ենք իրականացնում, մասնավորապես՝ անտառային հրդեհների կանխարգելման շրջանակում։ ԱՄՆ Անտառային ծառայությունն ամբողջ աշխարհում առաջատարներից է իր երկարամյա փորձով, և այդ փորձի փոխանակումը մեզ հնարավորություն կտա առավել արդյունավետ պայքարել անտառային հրդեհների դեմ»,- նշում է Ռուբեն Խաչատրյանը։ Նա հավելում է՝ շատ կարևոր է, որ գործընկերները ծանոթանան այն բոլոր ծրագրերին, որ իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Նշենք, որ անտառային հրդեհների կանխարգելումը հիմնադրամի որդեգրած քաղաքականության կարևոր կետերից է, և այս ուղղությամբ արդեն իսկ մեծ կրթական արշավ է իրականացվում։ Առաջիկայում հիմնադրամը կներկայացնի ոլորտին առնչվող այլ նախաձեռնություններ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով