Աղ+ջուր=Սեր

https://eco.am/%d5%a1%d5%b2%d5%bb%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%a5%d6%80/

Աղաբլի՞թ, թե՝ սերաբլիթ․ ինչպես ծարավ չմնալ իրական սիրուց

Սիրահարների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի վաղը՝ հունվարի 30-ին։

Ով է Սուրբ Սարգիսը

Պատմությունը վկայում է, որ Սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու այն քարոզելու համար հալածանքների է ենթարկվել իր երկրում, այնուհետև՝ Պարսկաստանում: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Տոնի իմաստը սերն է, որը Սուրբ Սարգիսը տածել է Աստծու և մարդկանց հանդեպ: Եվ գիտակից մահվան գնացել՝ հանուն ուրիշների երջանկության ու վաղվա  օրվա։

Ավանդության համաձայն՝ տոնին նախորդող գիշերը, երիտասարդներն Աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն ապագա հարսնացուին կամ փեսացուին, որն էլ կհագեցնի ծարավը՝ երազում մեկ բաժակ ջուր տալով։

Ի դեպ, ասում են, որ Աղի բլիթ ուտելուց մի քանի ժամ առաջ ցանկալի է ծոմ պահել` հաց չուտել ու ջուր չխմել, որպեսզի ծարավն ավելի սաստիկ լինի:

Շատ երիտասարդներ, իրենց կերած Աղի բլիթից մի կտոր դնում են պատուհանին՝ հետևելով, թե թռչունը ո՞ր ուղղությամբ կթռչի և իր հետ կտանի այդ կտորը։ Համաձայն հավատալիքի, որ կողմ գնա թռչունը, հենց այդ ուղղությամբ էլ աղջիկները հարս կգնան, իսկ տղաներն էլ՝ այդ կողմերից հարս կբերեն տուն:

Փոխինդն ու Սուրբ Սարգսի ձիու պայտի բախտավոր հետքը

Տոնին նախորդող գիշերը երիտասարդները փոխինդով մատուցարան են դնում տան տանիքին կամ պատշգամբին և սպասում են, որ Սուրբ Սարգիս զորավարը, հրեշտակների ուղեկցությամբ գիշերը կանցնի ու ձիու պայտի հետքը կթողնի փոխինդի վրա: Ըստ ավանդույթի, եթե զորավարի պայտի հետքը հայտնվեց փոխինդի վրա, ապա այն բախտավորություն կբերի տան երիտասարդներին ու նրանց երազանքն իրականություն կդառնա։ Շատ տանտիրուհիներ, այդ փոխինդով խաշիլ են պատրաստում։

Ինչպես պատրաստել Աղի բլիթ՝ տնային պայմաններում

Աղի բլիթ պատրաստելու մասին տարբեր ավանդույթներ կան՝ նորապսակ հարսներից մինչև ամուրի կանանց ձեռքով բլիթներ պատրաստելու մասին։ Բայց, իրականում, ցանկալի է, որ Աղի բլիթները պատրաստեն նորապսակ հարսները կամ ամուսնացած ու երջանիկ կանայք, որպեսզի իրենց երջանկությունը, Աղի բլիթի միջոցով փոխանցեն երիտասարդ սիրահարներին։

Աղի բլիթ պատրաստելու համար անհրաժեշտ են․

ալյուր – 1 բաժակ,

աղ – 1 ճ. գդալ,

ջուր

Ալյուրը մաղել տարայի մեջ, ապա լցնել աղը։ Հետո ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Գրտնակով բացել խմորը՝ ստանալով բարակ շերտ, որից հետո բաժակի օգնությամբ խմորից կլորակներ առանձնացնել։ Երբեմն նաև ձևաթիթեղներով խմորից ստանում են սրտի տեսք։ Այս ամենից հետո դնել թավայի մեջ` թխելով 15-20 րոպե, որպեսզի բլիթի մակերեսները վարդագույն տեսք ստանան։

Հիշե՛ք, երազում ձեր ապագա սիրուն տեսնելու համար պարտադիր չէ խմորը պատրաստելիս դատարկել տան աղամանի ողջ պարունակությունը։ Նախ՝ դաժան չլինենք ինքներս մեր հանդեպ, և հետո՝ աղը վնասակար է առողջությանը։ Կարելի է, օրինակ, Աղի բլիթի միայն արտաքին շերտը պատել աղով։ Կարևոր բաղադրիչ է, որ Աղի բլիթ պատրաստելիս անպայման անհրաժեշտ քանակությամբ սեր համեմեք, որպեսզի ծարավ չմնաք իրական սիրուց։

Ի դեպ, եթե ճակատագրի հեգնանքով ապագա հարսնացուն կամ ասպետը չհայտնվեն ձեր երազում, կարիք չկա համառել ու ծարավ մնալ՝ ինքներդ ձեզ նախատելով, թե հավանաբար ուշադիր չքնեցիք։ Պարզապես, քնելուց առաջ ձեր կողքին մեկ բաժակ ջուր դրեք, որպեսզի նման դեպքերում հույսներդ միայն ձեր վրա դնեք։ Իսկ ասպետի կամ հարսնացուի ձեռքից ջուր խմելու համար մի վհատվեք, փորձե՛ք հաջորդ տարի։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել