Ազնվացեղ եղջերուին հանդիպելու ճանապարհային նշաններ կտեղադրվեն

https://eco.am/%d5%a1%d5%a6%d5%b6%d5%be%d5%a1%d6%81%d5%a5%d5%b2-%d5%a5%d5%b2%d5%bb%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba/

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են  կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին։ Դիլիջանի այն ճանապարհահատվածներում, որտեղ կա ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգ, շուտով կսկսվեն ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։ Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Բնության համաշխարհային հիմնադրամից (WWF – Հայաստան)։

Դեպքի հետ կապված` Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան) Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ։

Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը, WWF-Հայաստանը հորդորում է երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։

Անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր։

Տեղեկանք

Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։

Հիշեցնենք

Ազնվացեղ եղջերուները «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն» տեղափոխվել են Իրանի Իսլամական Հանրապետությունից։

Եղջերուները տեղափոխվել են երեք խմբաքանակով՝

1. 2018 թվականի մարտին՝ 3 եղջերու,

2. 2019 թվականի փետրվարին՝ 5 եղջերու,

3. 2020 թվականի նոյեմբերին՝ 6 եղջերու:

Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին: Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն  ունեցել նաև է  Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով