Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
«Առհասարակ, օդի ավազանի աղտոտվածությունը կոչվում է «անտեսանելի քիլլեր», որովհետև, ըստ ԱՀԿ-ի տվյալների, աշխարհում տարեկան 7 միլիոն մարդ մահանում է օդի աղտոտվածության պատճառով։ Օրինակ, եթե ջուրն աղտոտվել է, կարող ենք հանրությանը հանրամատչելի իրազեկել, որ խմեն միայն եռացրած ջուր, որովհետև աղտոտում է տեղի ունեցել։ Բայց, եթե օդի ավազանում է ինչ-որ բան տեղի ունեցել, չենք կարող ասել մի՛ շնչեք։ Շնչառական ճանապարհով մեր օրգանիզմ մուտք գործած «ագենտները» չեն անցնում թունազրկում, այլ թոքերի մեծ ծավալով, անմիջապես անցնում են արյուն։ Այսինքն, այն ինչ խմեցինք լյարդի կողմից թույներից մաքրվելու է, տվյալ դեպքում օրգանիզմը պաշտպանում է, իսկ շնչառականի դեպքում՝ ոչ»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ, օդի ավազանի աղտոտվածության դեմ լավագույն ֆիլտրը կանաչապատումն է․ «Օդի ավազանով պայմանավորված մենք պետք է շատ կանաչապատում իրականացնենք, որովհետև Երևանում ընթանում են բաց շինարարական աշխատանքներ, ոչ մի շինհրապարակ չի փակվում։ Բացի դա, քաղաքում ունենք գործող հանքեր, որոնք չունեն համապատասխան սանպաշտպան գոտիներ»,- թվարկում է Ք․ Վարդանյանն ու փաստում, որ դրանք էլ լուրջ պատճառահետևանքային կապ են հանդիսանում․ «Այս ամենով պայմանավորված մենք ունենք այն առողջական լուրջ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև։ Իմաստունին հարցնում են՝ ե՞րբ պետք է ծառ տնկենք, ասում է՝ 20 տարի առաջ պետք է տնկած լինեիք։ Այսինքն, ցանկացած այն օրը, որ որոշեցիր պետք է ծառ տնկես, արդեն շատ լավ է, որովհետև որքան արագ անես, այնքան ավելի լավ, ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ և որտեղ ես տնկում»։

Ըստ զրուցակցի, կանաչապատումը կարևոր հանգամանք է, որը գրագետ իրականացնելու դեպքում, օդի ավազանը կմաքրենք աղտոտվածությունից․ «Կանաչապատումը պետք է բազմաշերտ լինի, ունենա հարթակներ, որ սանիտարահիգենիկ ֆունկցիան կատարի այնպես, ինչպես որ անհրաժեշտ է։ Իրավունք չունենք քաղաքում ունենալ բաց հող, որովհետև փոշու ամենամեծ խնդիրը գալիս է նաև այդտեղից։ Իսկ Երևանում նման բաց տարածքներ մենք շատ ունենք, դրանով էլ պայմանավորված ունենք ալերգիայի բարձր ցուցանիշներ, թոքային հիվանդությունների բարձր քանակ։ Մենք փոխկապակցված ենք բնության հետ»,- փաստում է զրուցակիցն ու վստահեցնում, որ այս հարցում շատ անելիքներ ունենք։





Թողնել մեկնաբանություն