Օգոստոսի 28-31-ը Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կունմինի բուսաբանության ինստիտուտի կողմից կազմակերպված «Frontiers of Plant Diversity Conservation Research in the Pan-Third Pole Region» միջազգային սիմպոզիումին, որպես հրավիրված խոսնակ, զեկույցով հանդես է եկել նաև ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն կ.գ.թ. Արսեն Գասպարյանը։
Սիմպոզիումին մասնակցել են Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների բուսաբանական հետազոտություններ իրականացնող առաջատար կառույցները, ինչպես նաև հրավիրված մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կորեա, Նեպալ, Գերմանիա և այլն)։
Eco.am սոցիալական հարթակը Բուսաբանության ինստիտուտից տեղեկացավ, որ սիմպոզիումի ընթացքում բուսաբանության ինստիտուտի տնօրենն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ՀՀ պահպանվող տարածքներում բույսերի բազմազանության մշտադիտարկման երկարաժամկետ ծրագիրը և այլ գիտահետազոտական ծրագրեր։
Միջոցառման ընթացքում երկու կառույցների տնօրեններ Արսեն Գասպարյանի ու Հանգ Սունի կողմից քննարկել են Հայաստանի և Չինաստանի բուսաբանության ինստիտուտների և բուսաբանական այգիների համագործակցության հնարավորությունները։
Սիմպոզիումի ընթացքում մասնակիցները այցելել են նաև Կունմինի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել են բույսերի կենդանի հավաքածուներին, հերբարիումին, ջերմատներին և այլ ենթակառուցվածքներին։
Շուրջ մեկ տասնյակ երկրներից ժամանաց մասնակիցները քննարկել և կարևորել են նաև միջազգային համագործակցության նոր ձևաչափերի ստեղծման հնարավորությունը, ինչը կխթանի լայնամասշտաբ բուսաբանական հետազոտությունների և բնապահպանական միջոցառումների իրականացումը տարածաշրջանում։
Թողնել մեկնաբանություն