Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը, նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 16-ը, օնլայն հարթակում անցկացնում էր «Տարվա թռչուն 2023» քվեարկությունը։ Eco.am սոցիալական հարթակը պարբերաբար անդրադարձել է քվերակությանն ու ներկայացրել «Տարվա թռչուն 2023» անվանակարգում ներկայացված 6 թռչնատեսակներին։ Իսկ տարվա խորհրդանիշ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանում էր 6 հետևյալ թռչնատեսակների միջև՝
1․ Կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina)
2․ Մորուքավոր անգղ (Gypaetus barbatus)
3․ Քարարծիվ (Aquila chrysaetos)
4․ Սովորական կիվիվ (Vanellus vanellus)
5․ Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonia hybridus)
6․ Կանաչ մեղվակեր (Merops persicus)
Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այսօր ամփոփելով արդյունքները, 9325 ձայնով, 2023 թվականի տարվա թռչուն է հայտարարել քարարծվին։
Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ Գերմանիայի Բնության Պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։
«Կազմակերպությունը 2023թ․ ընթացքում կիրականացնի տվյալ տեսակի ուսումնասիրության դաշտային աշխատանքներ, ինչպես նաև կկազմակերպի քարարծվի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված էկոկրթական միջոցառումներ։ Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը գործընկեր կազմակերպություններին կոչ է անում միանալ «Տարվա թռչուն 2023 – քարարծիվ» արշավին»,- ասված է տեղեկատվության մեջ։
«Տարվա թռչուն 2023»-ի խորհրդանիշ քարածիվը չափսերով Հայաստանում հանդիպող արծիվներից ամենախոշորն է, որի թևերի բացվածքը կարող է հասնել 180-240սմ։Այս թռչնատեսակը սակավաթիվ, խոցելի տեսակ է,ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում։ IUCN կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «խոցելի»։
Տարածված են Հս․ Ամերիկայում, Աֆրիկայի հյուսիսում, Եվրասիայում։ Հայաստանում նստակյաց են, հանդիպում են գրեթե բոլոր մարզերում։
Սովորաբար տարեցտարի օգտագործում են նույն բույնը կամ հերթականությամբ օգտագործում են մի քանի բներ։ Զբաղեցնում է բաց և կիսաբաց տեսակի բիոտոպերը, բնադրում է ժայռերի վրա, որսը կատարում է բաց տեղանքներում` դաշտերում, մարգագետիններում։ Բնադրում են հիմնականում բնակավայրերից հեռու, խուսափում են խիտ անտառային տարածքներից։ Դնում են 1-2 ձու, սակայն սովորաբար միայն մեկ՝ ուժեղ ձագն է գոյատևում։
Սնվում է կաթնասուններով, թռչուններով, երկկենցաղներով, սողուններով, միջատներով, ձկներով և լեշով։ Որսի առավելագույն քաշը սահմանափակվում է 2 կգ-ով։ Որսի մեծ մասը ձեռք է բերվում գետնի մակերևույթին, երբեմն որսում է նաև օդում, թռիչքի ընթացքում։ Ձկներ որսում է մասամբ ջրի մեջ ընկղմվելով։
Երեք-չորս զույգ բնադրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, մեկ-երկուսը` «Դիլիջան» ազգային պարկում։
«Տարվա թռչուն» կրթական արշավի նպատակն է յուրաքանչյուր տարի ընտրել այդ տարին խորհրդանշող թռչնատեսակի և հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել այդ տեսակի և նրա բնադրավայրերի պահպանության կարևորության վրա:





Թողնել մեկնաբանություն