Մայիսի 22-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից համակարգվող, Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» – #EU4Sevan ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված «Պատասխանատու եմ Սևանի համար IV» միջոցառումը:
«Պատասխանատու եմ Սևանի համար #4» միջոցառման ընթացքում կազմակերպած ցուցահանդեսին հաջորդեց այցը Նորաշենի արգելոց, որտեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն, իրականացնելով EU4Sevan ծրագրի 5-րդ բաղադրիչը, ներկայացրեց «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման նորարարական լուծումները և գիտականորեն հիմնավորված կառավարման մոտեցումները։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և համայնքի բնակիչներ:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Այն «Եվրոպական միությունը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» Եվրոպական միության գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Թողնել մեկնաբանություն