Տատիկենց գյուղի տուն գնալուց մինչեւ էկոտուրիզմ` ընդամենը մեկ քայլ է

https://eco.am/%d5%bf%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a5%d5%b6%d6%81-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82%d6%81-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d5%a5%d6%82-%d5%a7/

Շատերը գնում են բնության գիրկ, աղտոտում այն եւ դեռ գլուխ գովում, թե էկոտուրիզմով են զբաղվել: Մինչդեռ էկոտուրիզմը բոլորովին այլ է. այս տերմինը գործածության մեջ է դրվել դեռեւս 80-ականներին, սակայն մինչեւ այժմ դրա համար միանշանակ սահմանում չկա:

Էկոտուրիզմը պատասխանատու ճանապարհորդություն է բնական տարածքներ, որը օգնում է բնապահպանությանը եւ տարածաշրջանի բնակչության բարեկեցությանը: Այստեղ կարեւոր է նաեւ բնական եւ մշակութային միջավայրի ուսումնասիրությունը: Տուրիզմի այս տեսակին բնորոշ մի քանի յուրահատկություններն են՝ տեղային բնակչության համար աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների աճն ինչպես ենթակառուցվածքների ու սպասարկման ոլորտում, այնպես էլ տեղի բնակչության բարեկեցության աճի ու տարաբնույթ ձեռքի աշխատանքի զարգացման հարցում:

Տեղական սոցիալ-մշակութային միջավայրին փոխօգնությունը խթանում է կենդանի բնության հետ, ինչպես նաեւ տեղի սովորույթների եւ մշակութային առանձնահատկությունների հետ ծանոթությանը: Եթե վերամբարձ բառերը թողնենք մի կողմ, ստացվում է, որ տատիկի գյուղի տուն գնալուն կարելի է ավելացնել եւս մի քանի էկոկանոն եւ այն կարող է դառնալ լավագույն էկոճանապարհորդությունը:

Հայաստանում էկոտուրիզմը համարվում է համեմատաբար նոր ուղղություն, դրա հիմքում ընկած է, իհարկե, ոչ թե տատիկի գյուղի տուն գնալն, այլ դեպի բնության գիրք ճանապարհորդությունները: Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը նպաստեց այն, որ զբոսաշրջիկները ցանկություն սկսեցին հայտնել ստանալ նոր, յուրօրինակ տպավորություններ իրենց ճանապարհորդությունից եւ, միեւնույն ժամանակ, ներդրում ունենալ հայկական բնապահպանության մեջ:

Այս առումով՝ Հայաստանն էկոտուրիզմի համար շատ բարենպաստ տարածաշրջան է, որը գտնվում է ծովի մակարդակից 390-4090 մ բարձրության վրա եւ ունի անսպառ բնության բազմազանություն՝ սկսած բնական քարերից մինչեւ սաղարթախիտ անտառներ եւ դաշտավայրեր: Ամեն քառակուսի մետրի վրա կարելի է տեսնել հարյուրից ավելի տեսակի բույսեր:

Ընդհանրապես՝ համաշխարհային պրակտիկայում բավական պահանջված են էկոլոգիապես մաքուր հյուրանոցները, ռեստորաններն ու սրճարանները: Օրինակ, կան հյուրատներ, որոնք տեղակայված են գյուղերում եւ առաջարկում են հանգիստը վայելել էկոլոգիապես մաքուր եւ գեղատեսիլ բնապատկերներով շրջապատված միջավայրում: Այդպիսի հյուրատներում տեղադրված են մի քանի արեւային մարդկոցներ, տարածքում կան մրգատու ծառերով այգիներ, բանջարանոցներ, ընտանի կենդանիներ, բազմաթիվ բույսեր: Հյուրերն ազատ օգտվում են այդ ամենից, ուտում են միայն թարմ եւ սեզոնային մթերքից պատրաստված եւ տվյալ տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, այցելում տեղական տեսարժան վայրեր եւ կարող են գնումներ կատարել տեղի շուկաներից ու տեղացի վարպետներից ձեռք բերել ձեռագործ աշխատանքներ:

Բնական ռեսուրսների ճիշտ կառավարման, նոր աշխատատեղեր ստեղծելու համար՝ իսկապես կարեւոր է էկոտուրիզմի զարգացումը եւ բավարար էկոգրագիտությունն ու համեստ ու փոքրիկ ներդրումները՝ կարող են նույնիսկ տատիկի գյուղի տունը դարձնել մեծ էկոեկամուտի աղբյուր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով