Վարդավառն այս տարի կտոնվի հուլիսի 11-ին

https://eco.am/%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d5%bc%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%af%d5%bf%d5%b8%d5%b6%d5%be%d5%ab-%d5%b0%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab%d5%bd%d5%ab-11-%d5%ab%d5%b6/

Վարդավառը Հայաստանում ամենասիրելի ամառային տոներից մեկն է, որին մեծ ոգևորությամբ սպասում են մեծից մինչև փոքր։ Այդ օրը մեծերը մի քանի ժամով ընկնում են մանկության գիրկը, իսկ փոքրերն էլ՝ արտոնություն են ստանում անարգել, մի լավ ջրել մեծերին։

Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն այս տարի կտոնվի հուլիսի 11-ին։  Այս տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով:

Հեթանոսական Հայաստանում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի  ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո սիրո պատմության հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Վարդեր նվիրելով և ջուր լցնելով` Աստղիկը սեր էր տարածում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը՝ մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը։

Տոնին միմյանց վրա ջուր լցնելու ժողովրդական սովորության վերաբերյալ կա ևս մի հին ավանդույթ, որը, թերևս սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Որոշ հետազոտողներ և աստվածաբաններ Վարդավառի տոնը կապում են Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը` դիտելով իբրև Ջրհեղեղից ազատվելու արարողություն: Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում` պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպություն նշանակում է պայծառ կերպարանք, պայծառ տեսք ունենալ, իսկ ժողովրդական լեզվով անվանում էին Վարդավառ` Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս, Մարկոս, Ղուկաս ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը…Ինչպես վարդն է ծածկված լինում որպես կոկոն, այդպես էլ Տերը նախքան իր պայծառակերպվելը պահում է իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով հայտնապես երևում է, այնպես էլ Տերն  այսօր պայծառակերպվելով հայտնում է իր Աստվածությունը»,- գրում է Գրիգոր Տաթևացին:

Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերը: Հատկապես նշանավոր է Մշո սուրբ Կարապետ վանք կատարվող ուխտագնացությունը, որը ոչ միայն քրիստոնեական հավատքի, այլև ազգային նվիրումի վկայությունն էր։

Հնում Վարդավառը, թերևս միակ տոնն էր, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարևոր խորհուրդն ուներ, և նույնիսկ որոշ շրջաններում այդ օրը` հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները պարտադիր գալիս էին: Նրանք հանդիպում էին հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմյանց կարոտը, արտահայտում փոխադարձ սեր ու նվիրվածություն: Փաստորեն, դա նաև միակ տոնն էր, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դեր ուներ:

Վարդավառը նաև իր մեջ պտղաբերության խորհուրդն էր կրում: Հնում տոնի առթիվ կազմակերպում էին խնջույքներ և մեծ շուքով տոնում էին այն:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով