Սևանի էկոհամակարգի ռազմավարական հարցերը քննարկվել են «Սևանա լճի ապագան» գագաթնաժողովին ընդառաջ

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%bc%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80/

Հունիսի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը։  «Սևանա լճի ապագան» գագաթնաժողովը  կարևորագույն միջոցառում  է, որի նպատակն է հարթակ ստեղծել Սևանա լճի պահպանությանն ուղղված ռազմավարական խնդիրներն ու լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը քննարկելու համար:

Գագաթնաժողովին ընդառաջ տեղի է ունեցել ռազմավարական թեմաների շուրջ քննարկումներ, որոնք ճանապարհ են հարթում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավման համար համագործակցային գործողությունների և նորարար լուծումների համար:

Ռազմավարական հանդիպում-քննարկումները համախմբել են ոլորտի փորձագետներին, քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և շահագրգիռ կողմերին՝ մտքեր փոխանակելու, լուծումներով կիսվելու և գործունակ ծրագրերի համար հիմքեր ստեղծելու: Հանդիպումների արդյունքների հիման վրա կձևակերպվեն ռազմավարական առաջարկներ, որոնք կներկայացվեն հունիսի 28-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին:

Հանդիպումները  ներառել են չորս հիմնական թեմա՝

1․ կեղտաջրերի կառավարում՝ Սևանա լիճ աղտոտիչների ներհոսքի նվազեցման համար,

2․ կայուն գյուղատնտեսություն՝ ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը,

3․ ջրի մոնիթորինգ և բնապահպանական տվյալների կառավարում՝ գիտահեն որոշումների կայացման համար,

4․ օրենսդրական-ինստիտուցիոնալ շրջանակների ու միջգերատեսչական համագործակցության բարելավում՝ Սևանա լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարման համար։

«Սևանա լճի ապագան» խորագրով գագաթնաժողովը հյուրընկալում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ EU4Sevan ծրագրի շրջանակում: Գագաթնաժողովի համակազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը:

EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ), որն իրականացվում է ԳՄՀԸ-ի և ՄԱԶԾ-ի կողմից:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով