«Թեպետ երկրում ջրային ռեսուրսների կառավարման ճգնաժամ է, բայց Սևանա լճի խնդիրները լուծելու համար Հայաստանը ունի բավարար ջրային ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը և հավելեց․ «Լիճը կենդանի օրգանիզմ է, որը ղեկավարվում է իր օրենքներով, և, եթե մարդիկ գործում են այդ օրենքներին համահունչ, բնությունն էլ իր հերթին վարձահատույց է լինում։ Իսկ երբ մակարդակն իջեցնում ենք արհեստականորեն, ապա ի հայտ են գալիս կենսոլոգիական նոր պրոցեսներ, որոնք շարունակական են դարձել»։
Շահազիզյանի դիտարկմամբ Սևանա լճին օգնելու ամենալավ տարբերակը լճին հանգիստ թողնելն է․ «Ի վերջո Սևանով պետք է զբաղվեն միայն մասնագետները, մինչդեռ հիմա լճի պրոբլեմները քննարկում է ցանկացած ոք։ Սևանից այսօր ջրառ է իրականացվում, մինչդեռ մենք ջրամբարների պաշարները հավուր պատշաճի չենք իրացնում՝ չհաշված բազային մակարդակը, որն անշուշտ պետք է չխախտել։ Հիմնական խնդիրը նորմալ ցանցի բացակայությունն է։ Բացի դրանից, մեր վերգետնյա ջրային պաշարները հիմնականում Արաքսի և Քուռի միջոցով գնում են Ադրբեջան, լցվում Կասպից ծով։ Միայն Եղեգիս գետի վրա մոտ երկու տասնյակ ՀԷԿ-եր են կառուցվել, մինչդեռ այդ գետի ջուրը նույնպես թափվում է Սևանա լիճ։ Այդքան ՀէԿ-երի առկայությունն, ինչ խոսք, խնդիրներ է հարուցում ջրային պաշարների օգտագործման առումով։ Դրա հետևանքով գետերի ջրասակավությունը ստիպում է Սևանից ավելի մեծ ծավալների ջրառ իրականացնել»,- ասաց նախկին նախարարն ու պնդեց, որ Սևանա լճի հիմնական խնդիրը լուծելու համար ավազան թափվող 28 գետերից ամենախոշորների վրա անհրաժեշտ է մաքրման կայաններ կառուցել։ Այդ մասին շարունակ խոսվում է, սակայն ոչինչ չի արվում․ «Օրինակ 2010-17 թվականներին, երբ Արփա-Սևանը շարունակ վերանորոգվում էր, այդ ընթացքում լիճ չի մտել 1,7 միլիարդ խորանարդ մետր ջուր, մինչդեռ Սևանի մակարդակի մեկ սանտիմետրին բաժին է ընկնում 14,5 միլիոն խորանարդ մետր ջուր»։
Ըստ բանախոսի, եթե գոլորշիացման հետևանքով կորսված ցուցանիշները հաշվի առնենք, ապա գործ ունենք լուրջ և մտահոգիչ թվերի հետ․ «Այն ժամանակ էլ, երբ Սևանից ոռոգման նպատակով ջուր բաց չէր թողնվում և ՀԷԿ-եր չէին աշխատում, լիճը 50 մետրի չափով մակարդակի բարձրացման ու իջեցման տատանում ուներ, մինչդեռ հիմա մենք Սևանի մակարդակն իջեցնում ենք արհեստականորեն՝ առանց մտածելու, որ կարելի է միայն լճի հույսին չմնալ։ Մյուս կողմից, հենց ոռոգման համար նախատեսված ջրի 60-70 տոկոսը կորչում է։ Նախևառաջ, անհրաժեշտ է գումարներ ներդնել ու ցանցը վերանորոգել։ Ջուրը պետք է հնարավորինս տեղափոխել փակ եղանակով, որովհետև մեր բնակլիմայական պայմաններում հսկայական ծավալի ջուր է գոլորշիանում։ Օրինակ՝ Սևանա լիճ մտնող ջրի 90 տոկոսը գոլորշիանում է։ Ցանկացած կլիմայական փոփոխություն կարող է բերել գոլորշիացման ավելացման կամ նվազման»,- նշեց նախկին նախարարը։
Անդրադառնալով Սևանա լճի ափամերձ անտառների չորացմանը, ասաց․ «Հավանաբար արտասահմանից ծառատեսակներ են բերվել առանց լուրջ ֆիտոկոնտրոլի, որոնց հետ ներթափանցել է հիվանդություն։ Դրա հետևանքով սոճիների հետ կապված առաջացել է բավականին լուրջ խնդիր․այդ ծառատեսակը Սևանի ափամերձ գոտում հայտնվել է ոչնչացման վտանգի առջև, մինչդեռ փշատերև գիհիները նախկինի պես բավականին լավ աճում են։ Համապատասխան պայմաններն առկա են, պարզապես համարժեք խնամք է պետք, որն այժմ չի իրականացվում»,- ասաց բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը։
Eco.am
Թողնել մեկնաբանություն