Սևանա լիճն արդեն ծաղկել է, պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունները․ թեժ քննարկում ԳԱԱ-ում

https://eco.am/%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%b3%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%b6%d5%be%d5%a1%d5%a6%d5%a5%d6%81/

«Մենք կարող ենք անդառնալի փոփոխություններ ունենալ Սևանում։ Պետք է միասին ճանապարհներ գտնենք, որպեսզի թեթևացնենք Սևանա լճի հոգսը, ոչ թե հեշտ ճանապարհով գնանք»,– ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։

Նիստի օրակարգում քննարկման թեման մեկն էր՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։ Այս որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառին։ Արդյունքում, 2023 թվականին լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն։

Ըստ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահի, եթե մենք կարողանանք վերացնել կորուստների կեսը, կկարողանանք փակել ջրի դեֆիցիտը․ «Այս տարի երկու անգամ ավելի շատ է ջուր բաց թողնվել Սևան-Հրազդան ջրատարով, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Այսօրվա դրությամբ Արփա-Սևան թունելով երկու անգամ ավելի պակաս ջուր է մուտք եղել Սևանա լիճ, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում»,- պնդեց փորձագիտական հանձնաժողովի նախագահը։

«Այս տարի Սևանի ջուրը մեկ ամիս շուտ ենք բաց թողել՝ մայիսի 14-ին, իսկ անցյալ տարի՝ հունիսի 6-ին»,- արձագանքեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, ապա՝ հավելեց․ «Այս տարի անձրևներ չկային, Հրազդան գետի ջրատվությունը, ըստ Հիդրոմետի կանխատեսումների, անգամ 40 տոկոսով պակաս էր, քան իրականում։ Ջրապահանջը շատ էր, գետերում ջուր չկար, միակ ճանապարհը Սևանից բաց թողնելն էր։ Ապրիլից է սկսվել այս տարի ոռոգման շրջանը, այդպիսի բան գրեթե չէր եղել։ Այս տարի վեգետացիան շուտ է սկսվել»։

Ըստ Վահագն Գևորգյանի անցյալ տարվա 140 միլիոն խմ-ի փոխարեն այս տարի Արփա-Սևան թունելով տեղափոխել ենք 80 միլիոն խմ ջուր․ «Դա պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին շինարարություն է եղել, և երկրորդ, թունելի մուտքը փակ է եղել, այս 3 ամիսների ընթացքում քիչ ջուր է գնացել։ Բացի այդ, 2021 թվականի համեմատ Արփա և Եղեգիս գետերի հոսքը շատ նվազել է»։

«Ոռոգման շրջանի սկզբից՝ մայիսից մինչև հուլիս ամիսը, ոռոգման ջրապահանջարկը փակվել է Սևանա լճի հաշվին»,- վրա բերեց ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ, հանձնաժողովի անդամ Վլադիմիր Նարիմանյանն ու թվարկեց․ «Երկու ջրապահանջ եք ներկայացրել։ Առաջինը՝ Սևանա լճից 170 խմ ջրառի վերաբերյալ կառավարության որոշման ժամանակ, երբ ոռոգման շրջանը նոր էր սկսվում, ամբողջ համակարգի՝ 31 հազար հեկտարի համար ջրապահանջարկը եղել է 521 միլիոն խմ։ Մյուսը ներկայացրել եք հիմա՝ 445 միլիոն խմ, որը նախատեսված է հուլիսի 1-ից մինչև ոռոգման շրջանի ավարտը` հոկտեմբերի 10-ը։ Եթե այն ժամանակ ջրապահանջարկը 521 միլիոն խմ է եղել, հիմա 445 միլիոն խմ է, ստացվում է, որ 76 միլիոն խմ տարբերությունը նախատեսված է եղել ոռոգման շրջանից մինչև հուլիսի մեկը։ Եթե դուք 80 միլիոն խմ-ն ջրամբարից եք վերցրել, 68 միլիոն խմ-ն՝ Սևանից, ստացվում է այնպես, որ միայն Սևանից եք փակել ամբողջ համակարգի ջրապահանջարկը։ Բա ջրամբարների 80 միլիոն խմ-ն ի՞նչ եք արել», – իր ելույթը կոշտ հարցադրմամբ ավարտեց Վլադիմիր Նարիմանյանը։

«2021 թվականին, երբ Սևանա լճից բաց թողնվեց 250 միլիոն խմ ջուր, լճի մակարդակը իջավ և շարունակեց մնալ բացասական»,- ասաց հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը։ Նրա դիտարկմամբ  Ջրբացթողումների հետևանքով Սևանա լճի մակարդակը շարունակելու է իջնել իսկ ջրի դեֆիցիտը պետք է լրացնել նոր ջրամբարների միջոցով։

«Պետք է նվազեցնենք Սևանա լճի վրա բացասական ազդեցությունները, որպեսզի խուսափենք անդառնալի հետևանքներից։ Իսկ Սևանա լիճն արդեն սկսել է ծաղկել», –նախազգուշական ազդակ տվեց Բարդուխ Գաբրիելյանը։

Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը հավելեց․ «Սևանի բեռը կթեթևացնի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ճիշտ օգտագործումը։ 54 լումա է խմ-ն այնտեղ։ Դիմեք, որ վերանայվի, դա ճիշտ չէ։ Բացի այդ, մենք ձուկ աճեցնելով կիսաանապատային գոտում, ատոմակայանն ենք հարցականի տակ դնում, նաև նոր նախատեսվող ատոմակայանը», – շեշտեց Մելիքսեթյանը։

Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամները Ջրային կոմիտեին առաջարկեցին վերանայել ջրապահանջարկի և ջրի դեֆիցիտի հաշվարկները ու ներկայացնել ստույգ և հիմնավորված տվյալներ։

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։