Օրերս, տասը տարվա դադարից հետո, Ստեփանավան քաղաքում նշվեց ավանդական «Ծաղկի տոնը», որն իրականացվեց «Ստեփանավան՝ այցեքարտը ծաղիկներ» ծրագրի շրջանակում։
Ստեփանավանի քաղաքային հրապարակում, ողջ օրը ստեղծվել էր տոնական ու ծաղկաշատ միջավայր, ներկաներին փոխանցելով ծաղկի նման թարմ ու դրական տրամադրություն։ Մասնակիցները ներկայացրել էին ծաղկային, դաշտային ու դեկորատիվ ծաղիկների, ծաղկային կոմպոզիցիաների, սենյակային բույսերի, բնական և արհեստական ծաղիկներից պատրաստված դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների, նկարների, զարդերի, հուշանվերների, ծաղիկներով ու խոտաբույսերով մաշկի խնամքի միջոցների, թեյերի և ծաղկային թեմաներով ամենատարբեր իրերի ցուցահանդես-վաճառք։

Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև վարպետաց դասեր՝ գեղանկարչություն, գոբելենագործություն, Մարաշի ասեղնագործություն, կավագործություն։ Իսկ ավարտին ամփոփվեցին «Լավագույն ծաղկազարդ բակ» մրցույթի արդյունքները, հաղթողները պարգևատրվեցին շնորհակալագրերով և նվերներով։
Տոնակատարության ընթացքում Կարաբալայից անակնկալ էր սպասվում, ծաղկավաճառ ծերունին իր զամբյուղից ծաղիկներ, սեր ու ժպիտներ բաժանեց ներկաներին:
Տոնական համերգային ծրագրով հանդես եկան Ստեփանավանի պարային և երաժշտական խմբերը, մեներգիչներ, Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնի սաները, Վանաձորի երգի թատրոնի մեներգիչ-մեներգչուհիները։





Թողնել մեկնաբանություն