Ամռան գալուն պես հանրապետությունում սկսել են ակտիվանալ սնկից թունավորումների դեպքերը։ Հանգստի մեկնած կամ գյուղաբնակ հանրությունը, հաճախակի գայթակղվելով սեփական ձեռքերով սունկ հավաքելու, պատրաստելու և համտեսելու հաճույքից, երբեմն նույնիսկ չտարբերելով ուտելի և ոչ ուտելի սնկերը, վտանգում են թե՛ սեփական կյանքը, թե՛ մերձավորների։
Eco.am սոցիալական հարթակն իր ընթերցողների համար փոքրիկ ուսումնասիրություն է իրականացրել։ Սնկերը հարուստ են սպիտակուցներով, վիտամիններով, ֆերմենտներով, գրեթե բոլոր սնկերը՝ թե թունավոր, թե ուտելի, ունեն բուժիչ հատկություններ։ Պատահական չէ, որ աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ սնկատեսակներ աճեցնում են դեղամիջոցների, նաև կոսմետիկայի արտադրության համար։
Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր, որոնք ներառում են ոչ միայն թունավոր տեսակները, այլ նաև տհաճ համ ու հոտ ունեցող տեսակները: Հաշվի առնենք այն հանգամանքը, որ անգամ ուտելի, սակայն հին, փտած սնկերը կարող են թունավոր լինել։
Սնկերը մեր սննդակարգի կարևոր և բարձրորակ բաղադրիչներից են՝ ի հաշիվ դրանցում առկա օգտակար սննդանյութերի, մասնավորապես՝
1․ սպիտակուցների,
2․հանքանյութերի՝ պղինձ, սելենիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ և այլն,
3․ վիտամինների՝ B խմբի վիտամիններ, նաև վիտամին A, C և D:
Առողջարար սննդակարգում սնկերի ներառումը պայմանավորված է նաև դրանց ցածր կալորիականությամբ, իհարկե, խոսքն այս դեպքում յուղի կամ ձեթի մեջ երկար տապակած սնկերի մասին չէ։
Փորձագետները խորհուրդ են տալիս․
1․նախքան սունը եփելը մաքրել թարմ սնկի մակերեսը, սակայն չհեռացնել կեղևը:
2․Թարմ սունկը կարելի է պահել 36 ժամից ոչ ավել (նախընտրելի է 1 օրից ոչ ավել):
3․ Պահածոյացված մթերքը (օրինակ մարինացված սունկը) երկար պահպանման ժամկետ ունի և հանգիստ կարող ենք օգտագործել տարբեր աղցանների և ուտեստների պատրաստման համար:
Խորհուրդ չի տրվում
1․Սունկը երկար պահպանել՝ անգամ սառնարանային պայմաններում,
2․ Սառնարանում՝ հոտավետ մթերքների հետ միասին, քանի որ սնկերը կարող են կլանել կողմնակի հոտերը:
3․ չուտել հում սունկ
4․սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
5․ չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
6․ ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
7․ երեխաներին չկերակրել սնկով,
8․ աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
9․ սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
10․ չզբաղվել ինքնաբուժմամբ։





Թողնել մեկնաբանություն