Վերջին օրերին մի շարք ոլորտային մասնագետներ ահազանգում են՝ Հայաստանում պարենային ճգնաժամ է, ցորենի ու գարու գարնանացանը լրջորեն վնասվել է, ոռոգման ջուր չկա, ջրամբարները դատարկ են։ Պատերազմի հետևանքով Արցախի հետ միասին կորցրել ենք ցորենի դաշտերը, մոտավորապես՝ 100 հազար տոննա ցորենի բերք, և նույնքան էլ կորցնելու վտանգի առաջ ենք՝ երաշտի պայմաններում։
Eco.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ այս ճգնաժամը վաղուց կանխատեսելի է եղել տնտեսագետների կողմից, բայց, եթե ճիշտ օգտագործվի ռեսուրսները, ապա Հայաստանը կարող է գերազանցապես ինքնաբավ լինել պարենի հարցում։
– Ընդհանրապես, վերջին 20 տարիների ընթացքում մշտապես Հայաստանի տարբեր կառավարությունների ուշադրությունը բևեռել ենք այն խնդրի շուրջ, որ համաշխարհային շուկայում միջազգային մասշտաբով գնալով ահագնանալու է պարենային ճգնաժամը։ Անգամ տնտեսագետներս հստակ թվեր ենք ներկայացրել, ինչն այսօր տեղի է ունենում։ Հայաստանը, եթե ճիշտ օգտագործի ռեսուրսները, ապա առաջին անհրաժեշտության ապրանքներով կարող է գերազանցապես ինքնաբավ լինել։ Միակ ապրանքատեսակները, որոնք մեզանում քիչ են ու ներկրում ենք սուրճն է ու թեյի մի մասը, քանի որ շատերը նախընտրում են թեյի օրինակ՝ ուրցի, դաղձի տարբերակը։ Բայց մնացած պարենային ապրանքների դեպքում ունենք այդ ռեսուրսները, այլ բան է, թե ինչպես ենք այն օգտագործում և ինչ թվեր են ներկայացնում։
Օրինակ, հացահատիկի գծով մշտապես ներկայացվել է, որ Հայաստանը կարող է ունենալ առավելագույնը 70% ինքնաբավություն, իսկ մնացած 30 %-ը կներկրի դրսից։ Հետազոտելով ողջ Հայաստանն ու Արցախը միասին՝ արդյունքում տեսնում ենք, որ լինի երաշտ կամ բերքատու տարի ամենամիջին ցուցանիշներով առնվազն 120% ինքնաբավություն ունենք։ Այսինքն, խոսքը վերաբերում է ոչ թե, որ այդ ավելցուկը վաճառենք դրսում, այլ պետական ռեզերվները համալրենք, ինչի կարիքն այսօր կա և Հայաստանի հանրապետությունը, ցավոք, դրան քիչ է ուշադրություն դարձնում։
-Պարոն Մանասերյան, այսինքն, ըստ Ձեզ, այսօր պարենային ճգնաժամը Հայաստանի վրա ծանր ազդեցություն չի՞ ունենա։
– Պարենային ճգնաժամը Հայաստանի վրա ծանր ազդեցություն կարող է չթողնել, եթե ճիշտ օգտագործենք պետական ռեսուրսները, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպենք, ոչ թե գյուղնախարարությունը վերացնենք, արդյունքում, այս պայմաններում, ըստ էության, ոչ ոք պատասխանատու չէ ոլորտի համար։ Հիմա մենք այդ իրավիճակից կարո՞ղ ենք պատվով դուրս գալ, իհարկե՝ ոչ։ Այո, պարենային ճգնաժամը Հայաստանի վրա կթողնի ազդեցություն, որովհետև ոլորտն ինքնահոսի է մատնված և, ըստ էության, մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով տգետներն են տնտեսությունը ղեկավարում։ Իսկ այս իրավիճակում վնասներից չենք կարող խուսափել։
– Պարենային ճգնաժամի մասին տնտեսագետները ահազանգում էին Արցախի 80% կարստից հետո: Փաստորեն, հացահատիկի հիմնական պաշարներն Արցա՞խն էր ապահովում:
– Պետք է հաշվի առնենք, որ Արցախից ՀՀ ներկրվում էր հացահատիկ, միրգ բանջարեղեն։ Այս առումով բավական կարևոր էր ոչ միայն արցախցու, այլ նաև հայաստանցու համար։ Իսկ եթե ավելի խորը գնանք, ապա Խորհրդային տարիներին Արցախը կերակրում էր Ադրբեջանին և պարենային անվտանգության կեսից ավելին բաժին էր հասնում հենց Լեռնային Ղարաբաղին։ Արցախը շատ հարուստ է, ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ հացահատիկի տեսակներ կան, որոնց որակն ավելի բարձր է, քան այն, ինչ ներկրում ենք արտերկրից, ինչպես նաև տարվա մեջ Արցախը երկու բերք առնվազն ապահովում էր։ Սա բավական կարևոր ցուցանիշ է, որ Արցախը ոչ միայն ինքնաբավ էր, այլ նաև կերակրում էր նաև Հայաստանի Հանարապետությանը։ Եթե վերցնենք առաջին անհրաժեշտ 10-11 ապրանքային խմբերն, ապա Հայաստանը կարող է դրանցից առնվազն 7-ի գծով լրիվ ինքնաբավ կամ գերազանցապես ինքնաբավ լինել։ Այսինքն՝ 90% և ավելին հացահատիկն է և տարբեր կուլտուրաները, որոնք մտնում են կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ։
– Կարելի՞ է ասել, որ նաեւ երաշտը և ջրամբարների դատարկ լինելն է բերել այսպիսի հետևանքի:
– Այո, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց այս տարին Հայաստանի համար անբարենպաստ չէ։ Ավելին, պետք է շեշտեմ, որ այս տարին բարենպաստ է գյուղացու համար, եթե մենք մեր՝ Հայաստանի հանրապետության ջրային ռեսուրսները ճիշտ օգտագործենք։ Իհարկե, սակավաջուր է եղել, անձրևներ քիչ են եղել, բայց երաշտ չէ: Բավական ջրային ռեսուրսներ ունենք և դրանք ճիշտ օգտագործելու դեպքում՝ ժամանակին ծախսը չափավոր կլինի։ Ես դեռ չեմ խոսում կաթիլային ոռոգման էֆեկտների, այլ խոսում եմ նորմալ պայմանների մասին, որով սովորաբար գյուղացին աշխատում է։
– Ստեղծված իրավիճակից Հայաստանն ինչպե՞ս պետք է դուրս գա։
– Եթե պետությունն իր տեղում լինի, իրազեկի գյուղացուն և կարողանա ճիշտ կառավարել այդ ռեսուրսները, այդ դեպքում կարող ենք դուրս գալ այդ իրավիճակից։ Բայց քանի որ վերևից ներքև ապաշնորհ ղեկավարություն ունենք, որտեղ Էկոնոմիկայի նախարարը տնտեսագետ չէ, ոլորտները նույնպես փնթի ձևով են կառավարվում, բնականաբար, նույնիսկ եթե համաշխարհային շուկայում հրաշալի իրավիճակ լինի, Հայաստանը էլի պիտի էշի ականջում մնա։
– Պարոն Մանսերյան, եթե այսպես շարունակվի Հայաստանում սպառողը պարենային ճգնաժամը կզգա գրպանի պարունակության վրա՞, այսինքն՝ հացի գինը կթանկանա՞, թե՞ սովի կմատնվի։
– Սև խավիար ուտողներին սա չի սպառնում, դրա համար էլ իրենք մտահոգ չեն։ Փոխանակ լուծումներ գտնեն, պատճառաբանություններ ու արդարացումներ են գտնում: Նույնիսկ կարող են ապացուցել, որ շատ լավ վիճակում ենք։ Իրականում, այո, չեմ բացառում, որ այս իրավիճակը նաև սոցիալական լարվածության կարող է հանգեցնել։ Թեև հայ ժողովուրդն իր պատմության մեջ հացի խնդրի համար երբեք դժգոհություն չի հայտնել կամ իշխանափոխություն չի արել։ Այնպես որ, շատ զուսպ, «յոլա գնալու» տարբերակով ամեն մեկն իր հարցը կլուծի, բայց նիկոլապաշտների բանակը դրանից չի պակասի։




Թողնել մեկնաբանություն