«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ «Սևանա լճի ավազանում առաջնահերթ նյութերի և որոշ այլ աղտոտիչների պարբերական մոնիթորինգի բարելավման կարիքների գնահատում» աշխատաժողովը:
«Լճի էկոհամակարգի հիմնավորված, իրատեսական և ինտեգրալ կառավարում չի իրականացվում։ Որոշումներն ընդունվում են՝ հաշվի չառնելով մոնիթորինգային տվյալներն ու գնահատումները, փաստացի՝ առանց գիտականորեն հիմնավորված մոդելների ու կանխատեսումային սցենարների»,- հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը, ապա ներկայացնելով Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ անելիքները, ասաց, որ սահմանված նշաձողը՝ Սևանա լճի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5մ նիշը, բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար․ «Որպեսզի կայունանա Սևանա լճի էկոհամակարգը պետք է մակարդակը բարձրացվի մինչև 1909մ նիշը»:
Ըստ նրա, պետք է արդիականացվի լճի մոնիթորինգի և գնահատման գործընթացը․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պետք է վերազինվի նոր սարքավորումներով: Վերահսկողական մոնիթորինգի ամբողջական համակարգ է պետք գործարկել՝ համաձայն «Ջրի շրջանակային դիրեկտիվի»: Սևանա լճի էկոհամակարգի էկոլոգիական վիճակի համալիր մոնիթորինգի, գնահատման և կանխատեսումների աշխատանքային ծրագիր պետք է մշակվի և գործարկվի: Պետք է մոդելավորվի Սևանը, որի հիման վրա կառավարման ինտեգրալ պլան մշակվի և իրականացվի: Եվ դա չպետք է վերաբերի միայն Սևանա լճի ջրին, ներհոսող գետերին, այլ պետք է առնչվի նաև Արարատյան դաշտին, գյուղատնտեսությանը, ոռոգման համակարգին»,- շեշտեց Սեյրան Մինասյանը:
«ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից 2016-2018թթ. ընթացքում Սևանա լճի ավազանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ինչպես լճում, այնպես էլ գետերի նստվածքներում հայտնաբերվել են Հայաստանում կիրառության համար արգելված պեստիցիդներ կամ դրանց մնացորդներ։ Հիմնականում պեստիցիդները հայտնաբերվել են մեծ Սևանի հարավային հատվածում, գետերում, գետաբերանների հատվածներում, հիմնականում հատակային նստվածքներում: Սա հետևանք է ոչ միայն նախկինում կիրառված պեստիցիդների, այլև ներկայում ոչ պաշտոնական ձևով կիրառվող պեստցիդների», – իր ելույթում նշեց Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
Նրա դիտարկմամբ պեստիցիդների տարածման աղբյուր կարող են լինել նաև Վարդենիկ գյուղում, Վարդենիս քաղաքում և Լիճք գյուղում գտնվող թունաքիմիկատների նախկին պահեստները․«Ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված պեստիցիդներից դեռևս ոչ մեկը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի արժեքը»:
Այնուամենայնիվ, ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանն էլ պնդեց․ «Մեր ուսումնասիրությունները ձկների օրգանիզմում պեստիցիդներ չեն հայտնաբերել»:




Թողնել մեկնաբանություն