Ո՞ր թվականներին է Հայաստանում առավել ցուրտ դեկտեմբեր եղել

https://eco.am/%d5%b8%d5%9e%d6%80-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac/

Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար  փոքրանում է ցերեկվա  տևողությունը:

Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 110-120 ժամ: Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում է հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է  -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 2000մ և ավելի բարձրության վրա ջերմաստիճանի ամսական միջին արժեքները  բավականին ցածր են`-6…- 11°C:

Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում, օրինակ 1984թ. հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում:

Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել  1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 6-8 աստիճանով։ Պատմական նվազագույն ջերմաստիճանը դեկտեմբերին  հանրապետությունում դիտվել է 1948 թվականին Աշոցքում, օդի ջերմաստիճանը այստեղ գիշերային ժամերին հասել է -40°C։

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C, Երևանում` –28°C, այս  ջերմաստիճանները գերազանցեցին պատմական նվազագույն արժեքները:

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել  1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թվականներին, այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում  հասել է +21…+22°C, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտում  +24…+26°C:

Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի:

1․ Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ:

2․ Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում՝ մինչև 20մմ:

3․ Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ:

Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003 թվականներին, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%,

Ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961, 1980, 1995, 1999, 2004 թվականներին, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20մ/վրկ, պոռթկումները` 25մ/վրկ:

Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում: Արարատյան դաշտի և Երևանի համար շատ ցուրտ և մառախլապատ էր նաև 2013թ. և 2016թ. դեկտեմբերները, որը պայմանավորված էր Արարատյան դաշտում սառը օդի լճացման հետ։ 2016թ. դեկտեմբերին առաջացած մառախուղը պահպանվեց մինչև 2017թ. մարտի առաջին տասնօրյակը։

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։

Եղանակի կանխատեսում 2022թ. դեկտեմբեր ամսվա համար

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս, ինչը նշանակում է, որ դեկտեմբերը կլինի բազմամյա միջին արժեքից զգալի տաք և չոր։

Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է

1․Երևանում՝ +2…+3°C,

2․Արարատի և Արմավիրի մարզերում՝ +1…+2°C,

3․Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ +1…+2°C, լեռնային շրջաններում՝ -1…-3°C,

4․Շիրակի մարզում՝ -3…-5°C,

5․Գեղարքունիքի մարզում՝ -1…-3°C

6․Արագածոտնի լեռնային շրջաններում՝ -2…-4°C, նախալեռնային՝ +1…+3°C,

7․Լոռու մարզում՝ 0…+2°C,

8․ Տավուշի մարզում՝ +2…+5°C,

9․Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ +1…+3°C, լեռնային շրջաններում` 0…-2°C,

10 Սյունիքի հովտային շրջաններում՝ +4…+7°C, նախալեռնային շրջաններում` 0…+3°C,

11․ Արցախում՝ +4…+7°C։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով