Այսօր Բանակի օրն է՝ Հայոց բանակը դարձավ 29 տարեկան։
Լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը` հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է հարուստ մշակույթ, այդ թվում ռազմական, որի բաղկացուցիչներից են ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, տեխնիկան, ռազմական ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը և բարոյականությունը: Ճիշտ է հայերը ռազմաշունչ ռազմատենչ ազգ չեն, սակայ իրենց մարտունակությամբ, քաջությամբ, պատերազմելու արվեստով, ռազմական տաղանդով ոչ միայն չեն զիջել, այլև հաճախ գերազանցել են շատերին: Պատմությունը դա ապացուցել է:
Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծման` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը:Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարևոր դրվագներից մեկը հայկական բանակի ստեղծումն էր։ Մեր բանակը ծնունդ առավ արդեն իսկ փաստացի պատերազմական պայմաններում:
Այսօր մենք տոնում ենք մեր Հայակական բանակի, այն է` ՀՀ Զինված ուժերի 29-րդ տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, ծառայածների, այլ ամբողջ հայ ու հայաստանյան հասարակության տոնն է, քանզի այն բացի պետական լինելուց նաև հասարակական ինստիտուտ է:
Հայ զինվորն ու զինվորականն իր ուժը և հայրենասիրությունն ի ցույց դնելու, դժբախտաբար, հաճախակի առիթներ է ունենում: Վերջի դեպքերն ապացուցեցին, որ նույնիսկ արյունոտ մարտերն ու հերոսաբար ընկած ընկերները չեն կարող կոտրել հայ զինվորի՝ հանուն Հայրենիքի կռիվ տալու և անձնվիրաբար սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը:
Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ: Շնորհավո´ր տոնդ, հայ ժողովուրդ, և շնորհակալություն յուրաքանչյուր նոր հաղթանակի, նոր օրվա, նոր ու լուսավոր հույսի համար:





Թողնել մեկնաբանություն