Կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված անտառային հատուկ պահպանվող տարածքները հետ կվերադարձվեն պետության տնօրինմանը

https://eco.am/%d5%b7%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2-%d5%af%d5%a1/

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով Շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ։
ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 894-Ն որոշմամբ ՀՀ Վայոց ձորի  մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտարը, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներն  առանձնացվել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էին «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ընկերության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության (ներկայումս՝ շրջակա միջավայրի նախարարություն) միջև 2004 թվականի օգոստոսի 16-ին կնքվել էր «Անտառային ֆոնդի տարածքի անժամկետ անհատույց օգտագործման» պայմանագիր։
Շրջակա միջավայրի նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 22-ին  գրությամբ  ընկերության  պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ծանուցել է ընկերության և բնապահպանության նախարարության  միջև 2015 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված  «Կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, վերարտադրության և օգտագործման»  NԿԱՍ-000003 պայմանագրի գործողության ժամկետի ավարտվելու մասին և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը։
2021 թվականի փետրվարի 11-ին Կառավարությունը որպես չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Նախագծի ընդունմամբ ապահովվում է տարածքները բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին հատկացումը՝ ինչպես մնացած բոլոր բնապահպանական և անտառային հողերի դեպքում։
Նախագծի ընդունմամբ պետությանը հնարավորություն  է ընձեռվում լիարժեք և արդյունավետ ապահովելու բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կառավարումը և պահպանությունն իրականացնող համապատասխան կազմակերպություններին տրամադրելու լիարժեք իրավական հիմքերը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։